Այս էջը հաստատված է

շատերից մինը, Ա. Ե. նրան ոչ թե սիրում, այլ պաշտում էր, որովհետև հանգուցյալը, աոանց որևէ ակնկալության՝ օգնության հասավ իրան վտանգի ժամանակ, Ա. Ե. զգացվեց խորապես, որովհետև հավատաց թե հանգուցյալն այդ արավ բարձր մարդասիրության զգացմունքից դրդված, ուստի և դեպի նրան սկսավ տածել անսահման սեր։ Սակայն ճշմարտությունն այս էր։ Ա. Ե. ուներ մի կին, որ գեղեցիկ էր և առաքինի: Հանգուցյալը վաղուց գրավված էր նրանով, բայց մոտենալ չէր համարձակվում։ Երբ Ա.Ե. ընկավ վտանգի մեջ,հանգուցյալն ուրախացավ և շտապեց օգնել նրան, որպեսզի դրանով Ա. Ե.-ի տանը մոտենա։ Թակարդը հաջողեց: Հանգուցյալը մտերմացավ Ա. Ե.֊ի ընտանյաց հետ։ Եվ որովհետև աշխարհում առաքինի են մնում միայն այն կանայք, որոնց չէ պատահում գայթակղեցնողը, ուստի գեղեցկուհին հեշտությամբ հրապուրվեց... Ա. Ե.-ն այդ չիմացավ: Եվ երբ բարերարը մեռավ, նա գնեց ինձ թանկ գնով և «վշտահար» սրտով դրավ նրա դագաղի վրա, յուր կնոջ սիրահարին անվանելով «ազնիվ և անկեղծ բարեկամ»:

Արդեն ձեռքս դրել էի դռան վրա և կամենում էի բանալ, երբ մի շքեղ պսակ կախվելով փեղկերից, բացականչեց.

— Իսկ ինձ, բարեկամ, մի՞թե չես լսում, չէ՞ որ բոլոր պսակներից քնքուշն եմ ու գեղանին. չէ՞ որ իմ ծաղիկները, շինված են բյուրեղից և ժապավենս՝ սպիտակ թավշից։ Դու գգվել ես ինձ ամենից ավելի և երանել ես նորան. ով արժանացել է ինձ յուր վրա տեսնելու: Դեհ այժմ լսիր թե ինչ պիտի ասեմ ։

Ես կանգ առի։

— Ինձ վրա դրոշմված է գողտրիկ մակագիր,— շարունակեց պսակը.— Անզուգական ամուսնուն՝ անմխիթար կողակցից, այս է բոլորը. չորս սիրուն բառեր, որոնք վարագուրում են չորս տասնյակ կեղծիք։ Հանգուցյալն, արդարև, բարի ամուսին էր, իսկ և իսկ անզուգական. սիրում էր կնոջը քնքշությամբ և յուր երջանկությունը գտնում միայն նրա մեջ։ Կինը նույնպես կաթոգին էր դեպի նա։ Բայց հետո փոխվեցավ։ Մի երիտասարդ գրավեց նրան ավելի... Ամուսինն այդ իմացավ, տխրեց, հիվանդացավ և մեռավ։ Ցավեցին մարդիկ,