Այս էջը հաստատված է

կարծիքը հիմնովին սխալ է. չեմ կարող հավատ ներշնչել ձեզ զոռով, բայց...

Տիկինը լռեց մի վայրկյան և ապա, կարծես մի գյուտ անելով, բացականչեց:

— Սպասեցեք, սպասեցեք, ես իսկույն պիտի համոզեմ ձեզ։

Այս ասելով, նա վեր կացավ տեղից և մտնելով ընդունարանին կից սենյակը, սկսավ այդտեղ քրքրել մի գզրոց։

— Դու տիկնոջ երկար, իստերիկական ծիծաղը տեսա՞ր,— հարցրեց ինձ Սեղբոսյանը կամացուկ աչքերը խորախորհուրդ ինձ վրա հառելով...

— Տեսա, ի՞նչ կա։

— Դիմակ. կեղծիք... հասկանո՞ւմ ես. այդ ծիծաղի տակ թաքնված էր արտասուք...։

— Թող, ի սեր աստծու, դու արդեն չափը տարար,— նկատեցի ես բարկությամբ։

Այդ միջոցին մտավ տիկինը մի ծալած թուղթ ձեռին։

— Ես այնպիսի մի զորեղ փաստ պիտի ներկայացնեմ ձեզ, որ դուք միանգամից համոզվեք, թե մոլորված եք սաստիկ,— ասաց նա ժպտալով,— բայց նախ ազնիվ խոսք տվեք, որ այս մասին ոչ մի տեղ չի պիտի խոսեք ոչինչ։

— Je vous donne ma parole d’honneur[1],— բացականչեց վիպասանը՝ առանց հոգալու, թե տիկինը հասկանո՞ւմ է իրեն, թե ոչ.— այդպիսի դեպքերում ես ասպետ եմ, տիկին. կարող եք վստահանալ ինձ վրա։

— Առ, պարոն ազգական. կարդա՛ այս նամակը, ահա , այս պարբերությունը, մնացյալը մեր ընտանեկան գործերին է վերաբերում. կարդա ի լուր պարոն Սեղբոսյանի,— ասաց տիկինը և հանձնեց ինձ յուր ամսունու մի նամակը, որը վերջինս գրել էր կնոջը Բաքվից մի քանի ամիս առաջ՝ յուր այնտեղ գտնված միջոցին։

Պարբերությունը հետևյալն էր.

«Ինչ վերաբերում է քո այն հարցին թե՝ ինչու ես խորհուրդ չեմ տալիս քեզ շատ մոտենալ մեր ազգային գործերին։

  1. Քեզ տալիս եմ իմ պատվո խոսքը