Այս էջը հաստատված է

մեջ մտավ պարոն խմբագիրը, սիգարը կանխավ մոխրամանի կողքին դնելով և ձեռքը դեպի ծոցը տանելով։

— Փաստագի՞ր, ի՞նչ փաստագիր պիտի ներկայացնեք դուք,— հարցրեց նրան տիկինը սիրալիր ժպիտով։

— Այո՛, փաստագիր,— կրկնեց Արտոսյանր.— սա մի տարօրինակ զուգադիպություն է, որ, անշուշտ, պիտի զարմացնե ձեզ։ Այսօր առավոտ իմ աշխատակիցներից մինը հանձնեց ինձ մի ֆելիետոն, որ ամբողջապես նվիրված է պարոն Փուլշատյանին...

— Պարոն Փուլշատյանի՞ն. դա շատ զարմանալի է, — բացականչեց տիկինը։

— Այո՛, Փուլշատյանին։ Բայց որովհետև այս ֆելիետոնը չէի կամենում իսկույն տպագրել, ուստի տպարան էլ չուղարկեցի։ Այժմ ես կկարդամ այն ձեր առաջ և դուք կգտնեք նրա մեջ մի զորավոր փաստ, որ կապացուցանե ձեզ, թե արդարև կան աշխարհում մարդիկ, որոնց սրտի և հոգու վրա ոչ մի ազդեցություն չէ անում կնոջ հրապույրը, որքան էլ նա զորավոր լինի...

— Կարդացե՛ ք, ի սեր աստծու, կարդացե՛ ք։ Դա, արդարև, տարօրինակ մի զուգադիպություն է։ Մենք այստեղ խոսում ենք Փուլշատյանի մասին և դուք ձեր ծոցից հանում եք նրան նվիրված ֆելիետոն։ Ինչպե՞ս բացատրել այդ,— խոսեց պ․ Մաստակյանը։

— Հույս ունիմ, որ ինձ ձեռնածվի տեղ չեք դնիլ. ֆելիետոնը ես այսօր ստացել եմ իմ աշխատակցից․ դուք կտեսնեք նրա ստորագրությունը։

Կարդացե՛ք, կարդացե՛ ք, այստեղ անհավատալի ոչինչ չկա. զարմանալի է միայն զուգադիպությունը,— հարեց պ. Մաստակյանը։

Եվ պ. խմբագիրը հանելով ծոցից թերթիկների մի կույտ, դրավ սեղանի վրա և ապա մի-մի հատ վերցնելով նրանից՝ սկսավ ի լուր բազմականների կարդալ հետևյալը.

«Մոտ օրերս լուծված մի գաղտնիք ապացուցանում է մեզ հարյուրերորդ անգամ, թե նորատի կնոջ սիրուն աչքերի, սիրալիր Ժպիտի և խարտյաշ խոպոպների մեջ թաքնված է