Այս էջը հաստատված է

է Փուլշատյանը այդ մտերմին,— բայց երեքշաբթի օրր ցանկացա ներկա լինել տեղի ունեցող ընտանեկան երեկույթին, հետաքրքրական ոչինչ չգտա այդտեղ. նույն փորերն ու գլուխները, նույն հաստ ու բարակ կեկելները: Թողեցի և դուրս եկա։ Բայց հազիվ սանդուղքներին հասա և ահա տեսա պ. Մարուքյանին, որ ներս էր մտնում մի անծանոթ գեղեցկուհու հետ։ Բայց ի՜նչ գեղեցկուհի, ասես երկնքից իջած։ Բարձր հասակ, նազիկ իրան, հարուստ կուրծք, մարմարե դեմք, կրակոտ աչքեր, ի՜նչ երկարացնեմ, մինն այն գեղեցկուհիներից, որոնց բերանի վրա ծաղկում է վարդ, երբ Ժպտում են և աչքերում վառվում է կրակ, երբ նայում են քեզ Իսկույն շուռ եկա, որովհետև որոշեցի ծանոթանալ այդ կնոջ հետ։ Եվ պետք է ծանոթանայի հենց այդ երեկո, հետաձգելն անկարելի էր։ Երբ բախտավոր Մարուքյանը ներս մտավ դահլիճ, բոլորի աչքերն ուղղվեցան գեղեցկուհու վրա, բյուրեղյա ջահերի պայծառ լույսը կրկնապատկել էր նրա գեղեցկությունը։ Իմ կյանքում ոչ ոքի չեմ նախանձել, որովհետև ոչ մի բանում պակասություն չեմ զգացել, բայց այդ վայրկյանին նախանձեցի Մարուքյանին. և կարծեմ ես միակը չէի, ինձ հետ միասին շատերը նախանձեցին։

Երկար ժամանակ փաստաբանը ճեմում էր դահլիճում յուր գեղեցկուհու հետ և զվարճանում այդ հարստությամբ, մանավանդ, երբ տեսնում էր, որ երիտասարդները անժույժ հայացքներ էին ուղղում նրան։ Այդ իսկ պատճառով նա յուր աչքերը փախցնում էր ծանոթ դեմքերի ողջույնը չընդունելու համար, որպեսզի այդ առիթ չտար հանդուգն երիտասարդներից մինին՝ մոտենալ իրան և զոռով ծանոթանալ յուր գեղեցկուհու հետ։ (Իսկ երբ ուրիշները ծանոթանում են քո սեփական գեղեցկուհու հետ, հայտնի է թե այնուհետև ինչ է պատահում...) Ես ևս, ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարմար վայրկյան էի որոնում նրան մոտենալու համար, և ահա բախտը ինձ հաջողեց։ Գեղեցկուհին մտավ կանանց զգեստարանը, երևի ճակատի խոպոպները ուղղելու կամ զգեստը հարդարելու համար։ Եվ ահա այդ ժամանակ առաջինը ես մոտեցա պ. Մարուքյանին...