Այս էջը հաստատված է

— Բարեկամ, ի՞նչ դիցուհի է սյս, ո՞րտեղից եք հրապուրել,— հարցրի ես կատակով։

— Զգույշ եղեք այս տիկնոջ վերաբերմամբ, խնդրում եմ. նա նշանվոր ընտանիքից է և եկել է Կովկաս ճանապարհորդելու,— պատասխանեց Մարուքյանը լրջությամբ։

— Շատ ուրախ եմ, բայց դուք պիտի ծանոթացնեք ինձ նրա հետ,— հարեցի ես անկեղծորեն։

— Անկարելի է, Պյոտր Ալեքսեիչ. նա չէ կամենում ծանոթանալ որևէ մի մարդու հետ։

— Այդ ֆոկուսները թողեք և ծանոթացրեք ինձ,— կրկնեցի ես հաստատ ձայնով։

— Հավատացեք որ չեմ կարող. նա ինձ խնդրել է չընդունել այդպիսի առաջարկություն, — պնդեց փաստաբանը։

— Առաջին անգամ էի հանդիպում իմ կյանքում այսօրինակ մերժման,— ասել է Փուլշատյանը յուր մտերմին.— և այդ մերժումը այն աստիճան գրգռեց ինձ, որ ես թողեցի ժողովարանի դահլիճը և դուրս եկա։

Այս միջանկյալ պատմությունը անելուց հետո, ես կդառնամ այժմ իմ զրույցի շարունակության։

Պ. Մարուքյանը Մարիա Իվանովնայի երանական ընկերակցությունը տասներկու օր շարունակ վայելելուց հետ, հանկարծ հիշում է յուր պարտքը— որ էր՝ շտապել Վլադիկավկազ և նշանակած օրը ներկա լինել դատարանում։ Եվ ահա նա կառքը նստելով շտապում է փոստային կայարանը ճեպընթացի տոմսակ վերցնելու։ Բայց որքան մեծ է լինում նրա զարմանքն ու երկյուղը, երբ իմանում է, որ բոլոր տոմսակներն սպառված են. ուրեմն և նա հետևյալ ավուր ճեպընթացով Վլադիկավկազ ճանապարհվել չի կարող։

— Այդ անկարելի է. ես անհրաժեշտ գործ ունիմ, ամսույս 20-ին դատ պիտի պաշտպանեմ, եթե չներկայանամ՝ դատը կկորցնեմ.— հուզված խոսում էր պ. փաստաբանը։

Բայց տոմսակ վաճառողն, որ մի չորացած ծերուկ էր, անտարբերությամբ էր լսում նրան: Նա մինչև անգամ գլուխը չբարձրացրեց փաստաբանին նայելու համար։ Այլ միայն կամացուկ հետևյալը նկատեց.

— Եթե գործ ունեիք, տոմսակի համար պիտի հոգայիք մի