Այս էջը հաստատված է

քանի օր առաջ, որովհետև գիտեք որ երթևեկությունը մեծ է լինում այս օրերում, բայց որ չեք արել, իհարկե, կվնասվեք, իսկ այդ բանում հանցավոր չենք մենք։

— Լավ, մի խրատիր ինձ. այդ արդեն գիտեմ առանց քո ասելուն։ Դու այժմ այն ասա թե՝ ինչպե՞ս անեմ որ նշանակած օրը Վլադիկավկազ հասնեմ։

— Կարող եք սայլակ վերցնել։

— Չեմ կարող, նա զսպանակ չունի, իսկ զսպանակ չունեցող կառքը վնասում է հիվանդության։

— Ուրե՞մն...

— Ուրեմն ի՞նչ։

— Ոչինչ... ուզում էի ասել թե՝ ուրեմն մեր սայլակը կմնա մեզ։

— Բայց ախր կատակի ժամանակ չէ։

— Գիտեմ։

— Այդ ձևով չեն խոսիլ, մարդ աստծու, մի խորհուրդ տվեք ինձ, գոնե։

— Երկտեղանի կառքով վաղը գնում է Վլադիկավկազ պարոն Փուլշատյանը։ Նա միայնակ է։ Եթե կարողանաք շնորհ գտնել նրա առաջ...։

— Իրա՞վ պ. Փուլշատյանը գնում է, և այն էլ միայնակ.— շուտով ընդհատեց ծերուկին փաստաբանը։

— Այո. բայց մի՞թե դուք հույս ունիք արժանանալ Փուլշատյանի ընկերակցության,— այս անգամ գլուխը բարձրացնելով հարցրեց ծերուկը։

Բայց պարոն փաստաբանը արդեն վազել էր դեպի յուր կառքը։

Գըռ...ըռռ... տասն րոպեից ետ, ահագին դղրդյունով, կանգ առավ Մարուքյանի կառքը պ. Փուլշատյանի տան առաջ։

— Պյոտր Ալեքսեիչ, ինձ պիտի փրկեք, ապա թե ոչ՝ կխայտառակվեմ. մեծ հույսով եմ դիմել ձեզ, աղաչում եմ չմերժել խնդիրս... Այս խոսքերով դիմեց իրավաբանը պ. Փուլշատյանին և նրա ձեռքը մտերմաբար սեղմելով՝ նստեց առաջարկված աթոռի վրա։

— Ինչո՞վ կարող եմ պիտանի լինել ձեզ,— հարցրեց Փուլշատյանը սիրալիր կերպով։