— Այդպե՛ս է. ես պնդում եմ. նրանք օգնություն կստանան, կազատվին և դուք, հոռետեսներդ, կամաչեք այն ժամանակ... — եռանդով բացականչեց օրիորդ Սևիկյանը և արագ յուր տեղը նստելով՝ երեսը դարձրեց դեպի ուսուցչանոցի այն պատը, որի վրա կախված էր դպրոցի հիմնադրի սևաներկ պատկերը։
Օրիորդն այլևս չէր կամենում նայել յուր պաշտոնակիցների վրա, որոնք, կարծես դիտմամբ, զայրացնում էին իրան։ Այդ պատճառով նա աչքերը սևեռեց հաստափոր հիմնադրի ուռած երեսին և ծալ-ծալ ծնոտին, որոնք ներկայացնում էին կուշտ կերած ու խմած մի մարդու, որ պատրաստվում է քնել։ Եվ սակայն, չնայելով պատկերի այդօրինակ արտահայտությանը, նա կարողացավ ոգևորել օրիորդին, որ մի քանի վայրկյան նրան դիտելուց հետո, նորեն վեր թռավ տեղից և ձեռքը դեպի պատկերն ուղղելով հանդիսաբար բացականչեց.
— Պարոննե՛ր և օրիորդնե՛ր. այս պատկերը նախատում է ձեզ՝ ձեր աններելի թերահավատության համար... նայեցեք սրա պատկառելի դեմքին, սրա կրակոտ աչքերին և ասացեք. արդյոք չե՞ք ճնշվում սրա առաջ, արդյոք ամոթահար չէ՞ անում սա ձեզ...
Իմ ընթերցողները, իհարկե, գուշակեցին, որ այս խոսակցությունը տեղի էր ունենում հայոց դատարկ մնացած դպրոցներից մինում, ուր այդ օրը դիպվածո՞վ, թե՞ կանխավ սահմանած ժամադրությամբ, հավաքվել էին հայոց պարապ մնացած ուսուցիչներն ու վարժուհիները «հոգեզվարճ