ընդնմին, պատմեց սիրուհուն մի քանի սուտ ու ղորթ պատմություններ, որոնք վերաբերում էին յուր և Փուլշատյանի մտերմական հարաբերությանը։ Առիթ առնելով այդ նյութը՝ նա պատմեց նաև այն թե՝ ինչպես այդ կրեսոսը խնդրում, աղաչում էր ժողովարանում ծանոթացնել իրան Մարիա Իվանովնայի հետ, և թե ինչպես ինքը, փաստաբանը, բացեիբաց մերժել էր նրան այդ շնորհը:
— Ինչպե՞ս. նա խնդրել է քեզ ծանոթացնել ինձ յուր հետ և դու մերժե՞լ ես նրան... մի՞թե կարելի էր այդպես խիստ վարվել,— հարցրեց գեղեցկուհին։ —
Ուրիշ կերպ չէի կարող վարվել. նրա հարստությունը իրավունքների սահման չի ճանաչում։
— Ների՛ր, բարեկամ. այդտեղ արդեն ինձ էր մնում թույլ տալ նրան անցնել յուր իրավունքի սահմանը կամ ոչ. քո հովանավորությունն այդ դեպքում կարծեմ ավելորդ էր։
— Այս է եղածն, ինչ որ պատմեցի. եթե հանցավոր եմ, ներիր:
— Հանցավո՞ր... ոչ։ Բայց դու ասա՛ ինձ. նա, ուրեմն, խնդրում էր, որ դու ծանոթացնեիր ինձ նրա հետ։
— Ոչ թե խնդրում, այլ աղաչում էր։
— Օ՜, ուրեմն քո վարմունքը մինչև անգամ անքաղաքավար է եղել, դու գոնե, այդ դեպքում իմ կամքը պիտի հարցնեիր։
— Բայց ինչո՞ւ հարցնեմ. միթե ես չգիտե՞մ որ կանայք սիրով են նոր ծանոթներ որոնում։
— Սակայն դու պիտի իմանաս, որ ինձ համար նշանակություն չունի... (նա կամենում էր ասել՝ «քո դրած արգելքը, երբ ցանկանամ կծանոթանամ նրա հետ», բայց զգուշանալով լռեց)։
— Ին՞չ էիր ուզում ասել,— հարցրեց փաստաբանը հետաքրքրությամբ։
— Ոչինչ. ուզում էի ասել թե՝ ինձ համար նշանակություն չունի հարուստների բարեկամությունը, ես ազնիվ սիրտ, քնքուշ զգացմունք և կիրթ ճաշակ եմ որոնում, և այդ ամենը գտել եմ արդեն քո մեջ։
Պարոն փաստաբանը քիչ մնաց որ հիացմունքից հալվեր։