Այս էջը հաստատված է

Նա բռնեց գեղեցկուհու գողտրիկ ու սպիտակ ձեռքը և ջերմագին համբույրներով ծածկեց նրան:

— Վաղը վերջին անգամ ես կգամ քեզ հետ ճաշելու և այստեղից էլ կճանապարհվեմ,— ասաց նա Մարիա Իվանովնային խիստ զգացված տոնով։

— Օ՜ , եթե իմանայիր, թե որքա՜ն դժբախտ եմ... — բացականչեց հանկարծ գեղեցկուհին։

— Ինչո՞ւ, սիրելիս, — վախեցած հարցրեց փաստաբանը։

— Վաղը ես չեմ կարող քեզ ինձ սեղանակից անելու քաղցրությունը վայելել...

— Ինչո՜ւ։

— Մինչև անգամ չեմ կարող քեզ ընդունել..։

— Բայց պատճա՞ռլ։...— զարմացած հարցրեց փաստաբանը։ — Պատճա՜ռը... ա՜խ, մի հարցնիր այդ։

— Անկարելի է, հետաքրքրությունից կմեռնեմ։

— Օ՜ հ, ինչպես խիստն ես...

— Շուտ, աղաչում եմ։

— Վաղը իմ սովորական հիվանդության օրն է... իսկ այդ ժամանակ ես ոչ միայն պառկած, այլև, սաստիկ գրգռված եմ լինում... չափազանց գրգռված, ոչ ոքի տեսնել կամ հետը խոսել չեմ կարող... ի՞նչ արած, սիրելիս, ջղային կանանց հետ այդ բանը պատահում է միշտ...

— Ուրեմն ես վաղը քեզ չի՞ պիտի տեսնեմ։

— Ոչ. բայց մի՛ բարկանա ր, աղաչում եմ։

— Այդ անկարելի է։

— Ընդունի՛ր թե այսօր ես ճանապարհվել․ աստուծով 3—4 օրից դարձյալ կտեսնվինք։

Շատ աշխատեց պ. փաստաբանը այս տարօրինակ արգելքը բառնալու, բայց հնար չեղավ․ գեղեցկուհին մնաց անդրդվելի։ Նա, մինչև անգամ, դժգոհության նշաններ ցույց տվավ՝ տեսնելով որ սիրահարը շատ է ձանձրացնում իրան։

Պ. Մարուքյանը ստիպված էր խոնարհվել անողոք ճակատագրի առաջ և յուր ջերմագին «մնաք բարևների» ու գրկախառնության հանդեսը կատարել այդ երեկոյան: