Փաստաբանի զայրույթն իջավ. ծիածանագույն հարյուրանոցները հանգստացնող ներգործություն ունեցան, հուզված հոգին խաղաղեց: Նա մինչև անգամ ժպտաց։
— Այո՛, ես հանցանք գործեցի. խոստովանում եմ,— կրկնեց Փուլշատյանը։
— Բայց ինչպե՞ս պատահեց այդ. ո՞վ ստիպեց ձեզ դրԺել ձեր խոստման,— հարցրեց պ. փաստաբանը, բայց այս անգամ ավելի մեղմ ձայնով։
— Մի հրաշալի գեղեցկուհի։
— Ինչպե՞ս...
— Եթե հիշում եք, ես ձեզ խոստացա ժամը 2-ին գնալ կայարան և պատվիրել որ ձիաներ պահեն մեզ համար:
— Հիշում եմ։
— Արդ, ճիշտ ժ. 2-ին ես այնտեղ էի։ Ինչ պատվեր հարկավոր էր տվի։ Հենց այն է ուզում էի վերադառնալ, տեսնեմ կայարանի բակը մտավ մի գեղանի օրիորդ, սիրուն հագնված ձեռքը փոքրիկ ճամպրուկ։
— Բարձրահասա՞կ էր նա,— ընդհատեց հանկարծ փաստաբանը։
— Թույլ տուր, որ շարունակեմ։
— Գոնե ասացեք, գանգրահե՞ր էր, թե՞ ոչ։
— Դու ինձ խանգարում ես։
— Եվ ոչ էլ ուրեմն խաժա՞կն։
— Ես կլռեմ, եթե կամենում ես։
— Լավ, լավ, շարունակեցեք. էլ չեմ ընդհատում։
— Հա՛. ներս մտավ այդ գեղանի օրիորդը, կամ տիկինը, չգիտեմ և յուր հրաշալի աչքերը այս ու այն կողմը հածելով, վերջապես մոտեցավ ինձ։
— Թույլ տվեք, պարոն, հարցնել ձեզ, արդյոք Վլադիկավկազ գնացող ուղեկցի տեղ չգիտե՞ք,— հարցրեց նա խիստ քնքշաբար։
— Դուք միայնա՞կ եք,— հարցրի ես։
— Այո՛, բոլորովին միայնակ,— պատասխանեց նա և սկսավ նայել վրաս այնպիսի սիրուն աչքերով, այնպիսի գողաթիկ ժպիտով որ սիրտս սկսավ հաշվել... ի՞նչ մեղքս թաքցնեմ, այդ րոպեին, ասես թե աշխարհը շուռ եկավ ինձ