Այս էջը հաստատված է

և Աթոռի համար կարի հոգատար մի հովիվ էր, շատ ջանք գործ դրավ ժողովրդի և էջմիածնի վրա ծանրացող հարկերը փոքր ի շատե թեթևացնելու, բայց երբ տեսավ թե յուր ջանքերն ի դերև են ելնում և թե այդ հարկերից առաջացած Աթոռի պարտքերը գնալով ծանրանում են, և, մանավանդ թե, ժամանակի դառնության դիմադրելու չափ ուժ պակասում է իրեն, երկու տարի կաթողիկոսություն անելուց հետո հրաժարվեց գահից և Դավիթ էջմիածնեցուն կաթողիկոս ձեռնադրելով՝ Աթոռը հանձնեց նրան և ինքը քաշվեց մի վանք, յուր ազգի ցավերը լռության մեջ ողբալու։

Դավիթ կաթողիկոսը յուր նախորդից ավելի զորեղ չգտնվեցավ։ Օսմանացի կուսակալները նոր կաթողիկոսի համար ոչ միայն զիջումներ չարին, այլև ուրիշ նոր հարկեր էլ Աթոռի վրա բարձելով՝ պահանջեցին որ նա, իբրև ընդհանուր ազգի գլուխ, ժողովե ժողովրդից այդ հարկերը և վճարե իրենց։ Կաթողիկոսը շատ աշխատեց, չարչարվեց, յուր վիճակը պտտեց և, շատ անգամ արտասուքն աչքերին՝ աղքատացած ժողովրդի վերջին փողերը հավաքելով տվավ կուսակալներին, բայց երբ տեսավ որ նրանց անիրավ պահանջները գոհացնել չի կարողանում, փախուստ տվավ Աթոռից և սկսավ անծանոթ վայրերում ու խորշերում թաքստյամբ ապրել։ Իսկ հետո տեսնելով որ այդպիսով բոլորովին հեռանում է Աթոռից և էջմիածինը ավերման է ենթարկվում, իսկ Աթոռի պարտքերը նվազելու փոխարեն ավելի ևս աճում են, ետ դարձավ էջմիածին և յուր միաբանների հետ խորհրդակցելով՝ Գառնեցի Մելիքսեթ եպիսկոպոսին ձեռնադրեց կաթողիկոս, իբրև իրեն օգնական (1593 թ.)։

Երկու կաթողիկոսների միասնական ջանքերն էլ ոչինչ օգուտ չբերին Աթոռին։ Նրանց հավաքածը հազիվ պարտքի մի տասանորդը ծածկեց։ Ուստի սկսան տոկոսով պարտքեր վերցնել օտարներից։ Բայց այդ միջոցը ավելի ևս վատթարացրեց նրանց դրությունը։ Որովհետև քիչ ժամանակից հետո տերության կուսակալների հետ միասին այդ պարտատերերն սկսան նեղել և հալածել նրանց։ Երկու կաթողիկոսները ստիպված էին դարձյալ փախուստ տալ, անծանոթ տեղեր թափառել․ մինչև անգամ ցերեկով պտտել չէին համարձակվում: