Այս էջը հաստատված է

Տրապիզոնցի Կիրակոս երեցը, որոնք տարիներ առաջ հեռացել էին Հայաստանից և ճգնում էին Երուսաղեմում։ Հայրենի երկրից հետզհետե հասնող տխուր լուրերը ճմլեցին, խոցոտեցին նրանց զգայուն սրտերը։— «Այստեղ Քրիստոսի գերեզմանի մոտ ճգնելով՝ մենք մեր հոգիների փրկության համար ենք մտածում, մինչդեռ այնտեղ, մեր հայրենիքում, բյուրավոր հոգիներ դժոխային տանջանքների տակ հեծում են. ավելի հաճո չէ՞ր լինիլ աստծուն, եթե մեր ճգնությունը մեր հայրենակիցների տանջանքները թեթևացնելու մեջ որոնեինք. և եթե չկարողանայինք իսկ օգնել նրանց, գոնե նրանց հետ միասին կտանջվեինք...», մտածեցին ազնվասիրտ և հայրենասեր հոգևորականները և վերադարձան Հայաստան։

Բայց ի՞նչ կարող էին անել նրանք այդ ժամանակ, զենք չունեին, զորք չունեին, ժողովրդի մեջ նյութական ու բարոյական ուժ չէր մնացել, ինչո՞վ կարող էին երկրի վրա ծանրացող թշվառության դառնությունը մեղմացնել։

Գիտեին միայն մի դեղ, որ այսպիսի ժամանակներում արդյունավոր ներգործություն է անում հիվանդ մարմնի վրա. այդ՝ մարդկային ոգին տանջանքների և հալածանքների դեմ զորացնելն էր, մարդուն՝ ինքնօգնության, անձնվիրության սովորեցնելն էր։

Եվ ահա, այդ նպատակով, նրանք Սյունիք հասնելով, հիմը դրին Սյունյաց կամ Հարանց հռչակավոր անապատին, Ծղուկ գավառի Որոտնա ձորում, ժողովեցին այդտեղ հագով և մտքով կորովի մարդիկ, կազմեցին բազմամարդ միաբանություն, որ կարող էր դիմագրավել ամեն տեսակ նեղության և սկսան միջոցներ որոնել ժամանակակից թշվառությանց առաջն առնելու համար, նրանց գլխավոր գործը հայ եկեղեցին ունիթորների ոտնձգություններից և նրանց բազմարվեստ մարդորսություններից ազատելն էր։

Մինչդեռ Սյունյաց անապատը այդ զբաղմունքների հետ էր և նրա միաբանության ամեն մի անդամ լռիկ-մնջիկ ապագայում ստանձնելիք պաշտոնի համար էր պատրաստվում, Էջմիածնի Աթոռից ժամանակավոր հրաժարված Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսները ուրիշ նպատակների էին ձգտում։ Որովհետև Սրապիոնի կաթողիկոսանալովը դարձյալ նրանք