Այս էջը հաստատված է

դպրոցներ հիմնելով նորանոր առաքելությունների համար աշակերտներ էին պատրաստում, իսկ ուրիշները՝ անշքացած ու ավերված վանքերը մտնելով՝ նոր միաբանություններ, նոր զինվորություններ էին հաստատում և դրանց հետ միացած հզորապես մրցում պապական մարդորսների դեմ, հալածելով նրանց գլխավոր կենտրոններից, կամ անվնաս դարձնելով նրանց թունավոր և ազգակործան քարոզությունները։

Դրանց բոլորին այդ ժամանակ ոգևորում էր միայն մի միտք. այն է թե՝ «հունձք բազում են և մշակք սակավ» և թե «պարտ է հանել զմշակս ի հունձս մեր...»։

Այս նշանավոր անապատի միաբաններից Մովսես վարդապետ Սյունեցուն (որ անապատի հիմնադիրներից մինն էր և որ հետո արժանավոր կաթողիկոս դարձավ), իբր գործունեության միջավայր՝ վիճակված էր Գողթան գավառը։ Այդտեղ նա Պողոս վարդապետ Մոկացու հետ միասին հիշատակաց արժանի շատ գործեր արավ, եկեղեցիներ շինեց, վանքեր նորոգեց, միաբանություններ հաստատեց, բայց որ ամենից գլխավորն էր՝ Աստապատ, Շոռոթ և Ագուլիս գյուղերում դպրոցներ բացավ, մի գործ, որ յուր ժամանակի համար ոչ միայն շահավետ, այլև կարի հառաջադիմական էր, որովհետև մինչև այն՝ միայն վանքերում ու անապատների մեջ էին ուսում ավանդում ցանկացողին։

Ագուլիսի դպրոցում Մովսես վարդապետը վերակացու և ուսուցիչ կարգեց յուր ձեռնասուն և Սյունյաց անապատի առաջադեմ աշակերտներից մեկին,— դա երիտասարդ և նորընծա Տեր-Անդրեասն էր, մի գործունյա, առաքինի և անձնվեր քահանա, որի հիշատակին, ահա, նվիրում ենք հետագա զրույցը։