Այս էջը հաստատված է

անցցնել Ագուլիսի նման չոր և մերկ սարերով պատած մի ձորակում:

Այս մասին, իհարկե, նախարարը չէր համարձակիլ բացատրություն խնդրել շահից։

Բայց նա հանդիպելով Շահռուխ-բեկին, որ շահի առաջին իշխանը և փիշ-խտմատն (սենեկապանն) էր, հարցրեց նրանից այդ կարգադրության պատճառը։

Շահռուխ-բեկը, որ մի հաստամարմին, ճարպալից, ածիլած դեմքով, սև ներկած բեղերով և վավաշոտ աչքերով պարսիկ էր, ծիծաղեց նախարարի հետաքրքրության վրա։

— Ծիծաղելուդ պատճառը չեմ կարողանում գուշակել,— ասաց Ամիրգունան.— շատ գոհ կլինեի, եթե բեկը մասնակից աներ ինձ յուր ուրախ տրամադրության։

— Շահին ինքս խորհուրդ տվի Ագուլիս գնալու,— հայտնեց Շահռուխ-բեկը, և նորից ծիծաղեց։

— Անպատճառ նորին վեհափառությանը նորագույն հաճույք պատճառելու նպատակով, այնպես չէ՞, — հարցրեց Ամիրգունան։

— Այո։ Ես տեսնում եմ, որ Ամիրգունա-խանը շատ քիչ է հոգում այդ մասին։

— Սիսականում ավելի գեղեցիկ տեղեր կան, ուր ես կարող էի առաջնորդել շահին, բայց նա այդպիսի ցանկություն չէ հայտնել ինձ,— նկատեց Ամիրգունան։

— Այո, Սիսականում կան հրաշալի տեղեր, բայց միմիայն Ագուլիսումն են գեղեցիկ տղաներն ու աղջիկները...։

Նախարարը հասկացավ բեկի ակնարկությունը և ոչինչ չպատասխանեց։

— Իսկ դու, խան, երբեք չես մտածում շահի զվարճության համար. Ագուլիսում մինչև անգամ, «մանկաժողով»[1] չէ եղած մինչև այսօր,— հարեց Շահռուխ-բեկը այնպիսի լրջությամբ,

  1. Սա մի գարշելի հարկի տեսակն էր պարսիկ տիրապետներից սահմանված։ Նրանք իրենց հպատակներից դրամով ու թանկագին իրերով հարկ ժողովելուց զատ՝ խլում էին նրանցից և գեղեցիկ աղջիկներ ու մանկահասակ ու սիրունատես տղաներին և ուղարկում իրենց հարեմները: Այդ ծառայության համար նշանակվում են հոգով և սրտով ապականված մարդիկ, որոնք հաճելի որսեր հավաքելուց և շահի հարեմը հասցնելուց հետո ստանում էին հարուստ վարձատրություն, այդպիսի պաշտոնատարներից մեկն էր շահի Փիշ-խաման Շահռուխ-բեկը: