արագ սանդուղքներից իջնելով ուսն առավ հրացանը, հեծավ նժույգը և դուրս եկավ բակից:
Ծառան հետևեց տիրոջը:
Սառա-խաթանը և տեր-հայրը «բարի ճանապարհ» մաղթեցին նրանց:
Հեծյալները իջան դեպի Ցղնայի-ջուրը և նրա ուղղությամբ ձիավարելով, շուտով ծածկվեցան աչքից։
Գ
Վերին Ագուլիսի Խցաձոր անվանյալ թաղի վերջում, ուր գրեթե սպառվում էին բնակությունները, գտնվում էր սուրբ Հովհաննես անունով եկեղեցին։ Նա կառուցած էր լեռան ստորոտում, նեղ ձորալանջի վրա և արևելյան ու հյուսիսային կողմերից փակված էր պարտեզներով: Ամառային ամիսներում, երբ կանաչում էր լեռնալանջը և ծառերը ծածկվում էին տերևով, այդ մենավոր եկեղեցու շուրջը տիրում էր կենդանություն։ Ավանի զբոսասեր ժողովուրդը խռնվում էր պարտեզների մեջ և զվարճացողների երգն ու պարը գրավում էին նույնիսկ Խցաձորի մենակյացներին։
Բայց այժմ, երբ ձյունը ծածկել էր լեռնալանջը և պարտեզները զրկվել էին կանաչից, ս. Հովհաննու շուրջը տիրում էր ամայություն: Նրա բարձր պարիսպները ծածկում էին եկեղեցին անցորդի աչքից և միայն սրածայր գմբեթն էր նրա գոյությունը հայտնում: Նույնիսկ եկեղեցու բակում շարժում չէր երևում և տիրող լռությունը ընդհատում էր միայն վճիտ աղբյուրակը, որ մերձակա ձորալանջից ելնելով՝ փողրակների միջով գալիս, մտնում էր եկեղեցվո բակը և կարկաչելով թափվում քարաշեն ավազանի մեջ, որ պատած էր արդեն սառույցով։
Ամպամած երկինքը բացվեցավ։ Արևը, որ դեպի մուտն էր խոնարհում, յուր անզոր ճառագայթները սփռեց ձյունապատ շրջակաների վրա՝ կամենալով, կարծես, մեղմել ցրտի խստությունը։ Նրա շողերից մի քանիսը խաղում էին դեռ ս. Հովհաննու գմբեթի վրա, երբ ծերունի ժամհարը դուրս գալով յուր