Այս էջը հաստատված է

— Հըմ... հասկանում եմ,— հարեց տեր-հայրը և գլուխը խորհրդավոր կերպով շարժելով մոտեցավ տեր-Հովսեփին։

— Տեսնո՞ւմ ես, ժամ օրհնելու ժամանակ է և մեր «պատվելին» դեռ չկա. ասում են տեր-Մատթեոս Երազմոսի հետ զրույց է անում... Ի՞նչ ես կարծում, այդ փրանկը ի՞նչ ունի տեր-Անդրեասի հետ։

— Աստծուն է հայտնի...— անհոգ կերպով պատասխանեց տեր Հովսեփը։

— Այո, աստծուն է հայտնի, բայց ինձանից էլ ծածուկ չէ։ Քեզ արդեն ասել եմ, և կտեսնես, որ իմ գուշակությունը կկատարվի. նա այս աշակերտներին փրանկ է դարձնելու։

— Էհ, տեր-Սարգիս, դու էլ խիստ չար մտքեր ես անում։

— Հաստատ բան եմ ասում, կտեսնես։

— «Օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս. ամեն։ Հայր մեր որ երկինս...» երեսը խաչ հանելով տեր-Հովսեփը սկսավ ժամն օրհնել՝ առանց տեր-Սարգսի խոսքերին պատասխանելու։

Վերջինս դժգոհությամբ հեռացավ յուր դասը:

Մի քանի վայրկյանից եկեղեցին ժողովրդով լցվեցավ: Բայց ժամերգությունն արդեն կիսած էին, երբ ներս մտավ տեր-Անդրեասը և դրան մոտ գտնված դարակից յուր սև փիլոնը հանելով՝ ձգեց ուսերին և եկավ կանգնեց տեր-Հովսեփի մոտ։

Սա տակավին երիտասարդ, նրբակազմ, բայց վայելուչ հասակով, գրավիչ դեմքով և խելոք աչքերով մի քահանա էր։ Նրա համեստ շրթունքների վրա ծաղկում էր մի ժպիտ, որ ցոլացնում էր յուր մեջ սրտի բարությունը, իսկ աղու հայացքը արտահայտում էր սեր, խանդ ու գորով։ Հարուստ, խարտիշագեղ մազերը, որոնք երկար գանգուրներով գալիս, փռվում էին նրա ուսերի վրա, նուրբ, մետաքսանման մորուքը, որ կարծես բուսել էր նրա ծնոտին՝ դեմքի չքնաղ գեղեցկությունը չար աչքերից ծածկելու համար, և սև զգեստի արտաքին տխրությունը, որին համակերպում էր նրա խաժակն աչքերի անուշ հայացքը, այդ երիտասարդ հոգևորականին տալիս էին նախնի դարերի հրեշտակակրոն մի սուրբի կերպարանք։

Երբ նա առաջացավ դեպի բեմը՝ հավուր պատշաճի քարոզը կարդալու, կարծես աղոթող ժողովրդի աչքերը գերեց յուր