Այս էջը հաստատված է

վառվում էր յուր սրտում և դեմքը զայրույթից գրեթե այլագունում էր։ Որովհետև տեսնում էր որ յուրմով այլևս զբաղվող չկա, և այն օրից որ այդ երիտասարդ քահանան մուտ էր գործել ս. Հովհաննու եկեղեցին, ժողովուրդը կարծես էլ չի ճանաչում իրեն։ Երբեմն տեր-Սարգիսը դիտմամբ ուշանում էր եկեղեցում, որպեսզի ժողովուրդը հեռանա և ինքը չտեսնե նրան՝ յուր ատելի պաշտոնակցի հետ սիրախոսելիս։ Բայց շատ անգամ էլ ինքն էր առաջինը դուրս գալիս եկեղեցուց, որ չհանդիպե ատելի տեսարանին։

Այսօր դիպվածով ժողովուրդը հառաջեց և ինքը ստիպված էր դուրս գալ ամենից վերջ։ Եվ ահա նա տեսավ կրկին նույն տեսարանը։ Ժամավորները դարձյալ շրջապատել էին տեր-Անդրեասին։ Դժբախտաբար ս. Հովհաննես եկեղեցու երկու դռներն էլ հյուսիսային կողմի վրա էին և ժողովուրդը բակի այդ կողմն էր հավաքված։ Ի՞նչ աներ տեր-Սարգիսը, ո՞ր տեղով խույս տար։ Նրա բարկությունը մանավանդ սաստկացավ՝ երբ տեսավ ծերունի տեր-Հովսեփին, որ ժամավորների հետ կանգնած՝ ինքն էլ ժպտադեմ լսում էր երիտասարդ քահանային։

— Ապուշ. այսքան տարի ապրել է աշխարհում և դեռ յուր չարն ու բարին չի կարողանում ճանաչել, շշնջաց տեր-Սարգիսը և մոտենալով ծերունուն քաշեց նրա թևից։

— Հա, ի՞նչ կա, տեր-Սարգիս,— հարցրեց տեր-Հովսեփը:

— Տեր հայր, ինչո՞ւ չես ճանաչում քո բարեկամն ու թշնամին,— խոսեց տեր-Սարգիսը, գրեթե շշնջալով։

— Ո՞վ է իմ թշնամին, տեր-Սարգիս. այսքան տարի է ապրում եմ աշխարհում և թշնամի չեմ ունեցել. մի թե ծերությանս օրերում լույս ընկավ նա,— հարցրեց տեր-Հովսեփը մեղմությամբ և, միևնույն ժամանակ, շարունակեց ճանապարհը։

— Այդ սատանան թե քո և թե իմ թշնամիէն է։ — Ո՞ր սատանան,— հարցրեց ծերունին զարմանալով։ — Տեր-Անդրեասը։ — Ինչո՞ւ։ — Ի՞նչպես թե ինչու, չե՞ս տեսնում որ այն օրից, ինչ