Այս էջը հաստատված է

դա քահանա դարձավ և մեր թուլությամբ մուտ գործեց այս եկեղեցին, էլ ժողովուրդը չէ ճանաչում մեզ։ Պատի՞վ է՝ նրան են տալիս, խորհո՞ւրդ է՝ նրան են հարցնում, հացկերույթներին՝ նրան են հրավիրում... մինչդեռ մենք, այսքան տարվա քահանաներ, մնացել ենք մի կողմ քաշված։ Էլ ո՞վ է առաջվա նման մեզ հարգում։ Ամենքին դա գրավել, կախարդել է, շարունակ մեզ վատաբանելով և ինքը սուտ ճգնավոր ձևանալով՝ հիմարացրել է ժողովրդին... բայց մինչև ե՞րբ, չէ՞ որ պետք է չարիքի առաջն առնել։

Տեր-Հոսեփը, որ լսում էր ընկերին հանգիստ սրտով, հանգստությամբ էլ պատասխանեց.

— Տեր հայր, լավ քահանային ամենքը կսիրեն։ Տեր- Անդրեասը ո՜չ սատանա է, ո՛չ չարախոս է, ո՛չ սուտ ճգնավոր է. այլ բարի և յուր պարտքը ճանաչող մի քահանա է:

Եթե կամենում ես որ ժողովուրդը քեզ էլ այնպես պատվի ինչպես տեր-Անդրեասին, եղիր նրա նման։ Ժողովրդի սիրտը գրավելու միակ միջոցը այդ է. ընկերոջդ զրպարտելով, կամ նրա մասին չարախոսելով բնավ չես շահվիլ:

— Ինչպես երևում է նա քեզ էլ խելքահան է արել. մարդիկ քանի ծերանում՝ իմաստունանում են, իսկ դո՜ւ, ընդհակառակն...— խոսեց տեր- Սարգիսը հանդգնորեն։

— Վատ լեզու ունիս, եղբայր, այդ լեզվով ու սրտով աշխարհում ապրել չի կարելի,— մեղմով նկատեց տեր-Հովսեփը:

Հապա ի՞նչ անեմ, որ այդպես չխոսեմ: Ասենք թե ես անարժան եմ և ժողովուրդը ինձ չի հարգում. դու հո, փառք աստուծո, արժանավորներից մինն ես. աստուծո տան այսքան տարվա սպասավոր ես, ծերացած, ալևորած, ք՞եզ ինչու չի պատվում այնպես՝ ինչպես այդ «նորելուկին»։

— Որովհետև ես էլ նրա արժանիքը չունեմ, — անկեղծորեն պատասխանեց ծերունին.— ես արդարև, բարյացակամ եմ ամենքին. կուզեմ որ ժողովուրդը հանգիստ ապրե, հաջողակ լինի, ցավից ու չոռից ազատվի. բայց ինքս դրա համար չեմ հոգալ, չեմ աշխատիլ. և եթե ուզենամ էլ՝ չեմ կարող, որովհետև աստված զրկել է ինձ այդ շնորհքից։ Մինչդեռ հայր Անդրեասը. ինչպես տեսնում ես, ամեն բան անում է, ամենքի կարիքին հասնում է։