Այս էջը հաստատված է

մեռածը թաղելով կամ թե նրա համար «հոգվոց» ասելով, անպատճառ արծաթ պահանջելով, այլ հաճախ այցելում էր սգավորին, հարուստ լիներ նա թե աղքատ, և յուր անուշ խոսքերով, հոգեպարար զրույցներով մխիթարում էր նրա սիրտը, կազդուրում հավատը և հաշտեցնում դժբախտին աշխարհի ծանր վշտի հետ։

Եթե մի կամ մի քանի ընտանիքների հանդիպում էր հանկարծ մի անակնկալ դժբախտություն, բնության մի հարված, տեր-հայրը դիմում էր իսկույն այդ հարվածից ազատ կամ կարող անձանց և սրանց միասնական օգնությունը ձեռք բերում՝ դժբախտների վնասը զարմանելու համար։

Այդ բավական չէր. նա խառնվում էր շատ անգամ այնպիսի գործերի, որոնցից ավելի զորավոր մարդիկ փախուստ էին տալիս։ Այսինքն, պատահում էր հաճախ, որ բռնվող կառավարության անողորմ հարկահանները կամ կեղեքիչները թափվում. էին անպաշտպան մի ընտանիքի վրա երբեմն ծեծելու, երբեմն տուգանելու և շատ անդամ կողոպտելու կամ առևանգելու նպատակով։ Տեր-Անդրեասը իսկույն հասնում էր օգնության։ Բարբարոսներին հաղթահարելու համար նա գործ էր դնում բազմազան զենքեր, մերթ խնդիր և աղաչանք, մերթ համոզկեր խոսքեր, երբեմն սպառնալիք, որ գործադրում էր նա իրեն հավատարիմ երիտասարդների ձեռքով, իսկ երբ այդ միջոցները անկարող էին լինում բռնաբարումն արգելել, այն ժամանակ նա անձամբ դիմում էր Երևան և Ամիրգունա նախարարին բողոքում, կամ եթե բողոքելու տեղը չէր լինում. նրա ոտքերն ընկնում, խնդրում ու աղերսում, մինչև որ վերջապես ձեռք էր բերում անհրաժեշտ օգնությունը։

Այսպիսով տեր-Անդրեասը Ագուլսի և նրա շրջակաների համար դարձել էր մի անզուգական խնամակալ, հաշտության մի միջնորդ, փրկության մի հրեշտակ։ Ժողովուրդը նրան ընդունում էր ոչ իբրև լոկ քահանա, այլև հարազատ հայր, եղբայր, մտերիմ և բարերար։ Ով կարիք ուներ, տեր-Անդրեասին էր դիմում, ով մի վիշտ ուներ, նրան էր հայտնում, ով խորհրդի պետք ուներ, նրան էր հարցնում։ Չնայելով յուր երիտասարդության և մատաղ հասակին, նրա խորհրդին հետևում էին նույնիսկ ծերերը և փորձառու մարդիկ։ Միով բանիվ,