Այս էջը հաստատված է

Նա կառուցած էր դեռ այն ժամանակ, երբ ս. Հովհաննու եկեղեցին ուներ մշտական միաբանություն, իսկ նրա շուրջը գտնվող ձորակներում ապրում էին բազմաթիվ մենակյացներ (որոնց խցերի անունով ձորն ու թաղը կոչվեցան «Խցաձոր»)։ Այդ կամարակապ ներքնատունը այն ժամանակ ծառայում էր ս. Հովհաննու միաբանության և նրա շուրջը ապրող մենակյացների համար իբր սեղանատուն։ Այդ պատճառով նրա մեջտեղում, սկսած մի ծայրից մինչև մյուսը՝ ձգվում էր սրբատաշ քարերից շինած սեղան, իսկ դրա շուրջը՝ նույնպես քարյա, նստարաններ, նման հայոց մեծ վանքերում եղածին։

Եվ որովհետև այն ժամանակ, երբ Մովսես վարդապետը դպրոցներ էր հիմնում Սյունիքում, ս. Հովհաննու միաբանությունը ցրված և հետևապես, սեղանատունը գոցված էր, ուստի վարդապետը օգուտ քաղելով պատրաստի բնակարանից՝ Ագուլիսի դպրոցը զետեղեց այդ ներքնատան մեջ, որ յուր ընդարձակության պատճառով՝ կարի համապատասխան էր ժամանակակից դպրոցի պահանջներին։ Ներքնատան վերնահարկում, որ բաղկացած էր մի քանի խցերից, ապրում էր ինքը տեր-Անդրեասը, յուր նորատի կնոջ և ծնողների հետ միասին։

Երբ ժամավորները հավաքվեցան դպրոցատուն, որի մեջ բացի ծխանի կրակը, վառվում էին նաև երկու կանթեղներ, տեր-հայրը անցավ սեղանի մի կողմը և բազմելով այդտեղ՝ հրավիրեց ժողովրդին յուր շուրջը նստել։

— Խոսեցեք այժմ ձեր նորության մասին,—դարձավ նա յուր հանդեպ նստած երկու ժամավորներին։

— Մեր նորությունն այն է, տեր-հայր, ինչ-որ հայտնեցինք քեզ,— պատասխանեց նրանցից մինը.— ասում են թե շահը գալիս է Ագուլիս։ Եթե այդ ճիշտ է, պետք է ուրեմն պատրաստվենք նրան ընդունելու։

— Ո՞վ հաղորդեց ձեզ այդ լուրը,— հարցրեց երեցը։

— Շուկայում լսեցինք։

— Իսկ շուկա՞ն ով բերավ։

— Փրանկների առաջնորդի ծառան. Նա եկել էր մեր խանութից իրեր գնելու,—պատասխանեց լրատուներից մինը։