Այս էջը հաստատված է


— Հա... Երազմոսի ծառա՞ն։... հասկանում եմ... Ուրեմն ճիշտ է.— խոսե՛ց տեր-հայրը և գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։

— Ինչո՞ւ տխրեցիր, տեր-հայր,— հարցրեց ժողովականներից մինը։

— Չտխրեցի... այլ մտածում եմ։

— Բայց ինչո՞ւ Երազմոսի ծառայի հաղորգածը անպատճառ ճիշտ պիտի լինի,— հարցրեց մի ուրիշը։

— Որովհետև միևնույն նորությունը հաղորդել է ինձ ինքը կարգապետը։ Իսկ նա այսօր է Նախիջևանից եկել։

— Ունիթորների կարգապե՞տը...— հարցրեց մի կասկածավոր ձայն։

— Այո. նա ասում էր թե՝ Ամիրգունայի սուրհանդակը արդեն հասել է Նախիջևան և այդ լուրը հաղորդել տեղացիներին. անշուշտ վաղն էլ Ագուլիս կմտնե։

— Բայց ի՞նչ ուներ այստեղ կարգապետը...,— հարցրեց նույն ձայնը։

— Եկել էր, իբրև թե, մեր դպրոցն ու աշակերտները տեսնելու,— պատասխանեց երեցը,—բայց ո՞վ գիտե, ուրիշ ի՞նչ գաղտնի նպատակ ուներ այդ այցելությունը ։

—Եվ քեզ ոչինչ չհայտն՞եց։

— Ոչինչ,— պատասխանեց քահանան։

— Իսկ ինձ հայտնել է, հարեց խոսողը,— որ Խցաձորի հայտնի հարուստներից մինն էր, և որի տանը իջևանել էր կարգապետը։

—Ի՞նչ... ի՞նչ է հայտնել,— հարցրին Ժողովականները այս ու այն կողմից։

— Ասում էր թե՝ ես եկա Ագուլիս այն նպատակով, որ շահի կողմից այստեղի հայերին վտանգ սպառնացած դեպքում պաշտպան եմ նրանց։

—Եվ ի՞նչ վարձատրություն է պահանջում դրա համար,— դառը ժպիտով հարցրեց տեր-Անդրեասը։

—Ոչինչ միայն թե ասում է, այդպիսի դեպքում հայերը պետք է շահին հայտնեն թե՝ իմ ժողովուրդն են իրենք։

— Օ՜... ի՜նչ անմեղն է. և այդ քիչ, շատ քիչ վարձատրություն է, այնպես չէ՞...