Այս էջը հաստատված է

ասում՝ «եթե ոչ հատն ցորենո անկյալ հերկիր մեռանիցի, ինքն միայն կա, ապա եթե մեռանիցի, բազում արդյունս առնե...»: Ուրեմն մինչև որ չզոհենք, արդյունաբերել չենք կարող:

— Ի՞նչ անենք ուրեմն, վեր կենանք վաղն ևեթ կռի՞վ տանք հզոր Շահաբասի հետ։

— Ես չեմ ասում վաղն ևեթ... անխոհեմություն կլիներ փոքր ուժով մեծի դեմ խիզախել... ի՞նչ օգուտ՝ թաղել ցորենը հողում այնպիսի ժամանակ՝ երբ կատաղի հեղեղը ողողում է երկիրը և ցանքսերը քշում...։ Ես միայն ցանկանում եմ որ արթուն լինինք. աշնան խաղաղ օրերում գետինը հերկենք, իսկ գարնան հալոցին՝ սերմերը ցանենք։ Այնուհետև կհասնե ամառը և արտերը կծածկվին հասկերով...։ Եթե մեր հայրերը ցանած լինեին, այսօր մենք կհնձեինք։ Չդանդաղենք ուրեմն նրանց պես, որպեսզի մեր որդվոց ու թոռաց անեծքին չարժանանանք։

Ժողովականները, որոնք շատ էին լսել տեր-Անդրեասին, ըմբռնում էին նրա այլաբանությունները, ուստի բացատրություններ չպահանջեցին։ Բայց խոջա-Անձրևը ընդհատեց նրան.

— Այդ ամենը, տեր հայր, ապագայի խնդիր է. մեզանից շատերը ծերացել են արդեն, ուստի թե՛ հերկելու և թե՛ սերմանելու գործը մնում է երիտասարդներիդ վրա. թող աստված ուժ և կարողություն տա ձեզ՝ սկսածներդ շարունակելու... այժմ միայն այն ասա թե ի՞նչպես ազատվենք վերահաս վտանգից. որովհետև շահը մի երկու օրից այստեղ կլինի։

— Դրա համար երկար մտածելիք չունիք։ Դուք գնացեք գյուղաքաղաքի մեծամեծների հետ խոսեցեք, թե ի՛նչ պատրաստություն պիտի տեսնեք շահին ընդունելու համար։ Այդ բանում ձեզ կօգնե անշուշտ նաև գյուղի վերակացուն, որ հարկավ հրահանգներ կստանա նախարարից. իսկ «մանկաժողովն» արգելելու գործը թողեք ինձ վրա։

— Ի՞նչ ես մտադիր անել, տեր֊հայր,— հարցրեց խոջան։

— Թե՛ ագուլեցվոց և թե' գաշտեցվոց ընտանիքների և նրանց ունեցած երեխայոց թիվն հայտնի է ինձ,— պատասխանեց երեցը.— գիտեմ նույնպես թե ով ունի այնպիսի