Այս էջը հաստատված է


տղա կամ աղջիկ, որ կարող է գրավել շահին։ Ուրեմն հենց այս գիշեր ես կկազմեմ դրանց ցուցակը և կորոշեմ թե որո՛նց ո՛ր գյուղ պիտի ուղարկենք, կամ ի՛նչ ընտանիքների պիտի հանձնենք։ Այնուհետև կմնա՝ որ յուրաքանչյուր հայր կամ եղբայր ուղեկցե յուր տան երեխային. իսկ ով ուղեկից չի ունենալ, ինքս նրան ուղեկից կտամ։ Վաղը երեկոյան ամենքն արդեն ցրված պիտի լինին գյուղերը։

— Էհ, ուրեմն այդ մասին հոգում ես դու, մենք էլ ընդունելության մասին մտածենք,— խոսեց ազդեցիկ ագուլեցիներից մինը։

— Այո, բայց ընդունելությունից զատ մի ուրիշ բանի վրա էլ պիտի մտածեք,— ավելացրեց տեր-հայրը։

— Ի՞նչ բանի...— հարցրին մի քանի ձայներ:

— Կաթողիկոսի ազատության,— պատասխանեց երեցը:

— Կաթողիկոսի ազատությա՞ն.— ինչո՞վ կարող ենք օգնել նրան,— հարցրեց հարուստներից մինը։

— Գիտե՞ք որ նա կապված է ոչ թե յուր հանցանքի, այլ Աթոռի վրա անիրավաբար բարձած պարտքերի համար,— հարցրեց երեցը։

— Գիտենք,— պատասխանեցին նրան։

— Էհ, Աթոռը կաթողիկոսի՞ն է պատկանում թե՞ ընդհանուր ազգին։

— Իհարկե ընդհանուր ազգին։

— Ուրեմն ազգն էլ պիտի դարմանե Աթոռի ցավերը,— հարեց քահանան։

— Բայց Մելիքսեթ կաթողիկոսը...— կամեցավ չարախոսել ժողովականներից մինը։

— Աշխարհում ոչ ոք կատարյալ չէ...— ընդհատեց նրան երեցը.— բացի այդ խնդիրն այն չէ թե՝ ո՛ր կաթողիկոսին ենք օգնում, այլ այն, որ հայոց կաթողիկոսը կապված, Լուսավորչի ժառանգը կալանավորված է, պետք է ուրեմն նրան ազատել... կալանավորության անարգանքը հասնում է ոչ թե Մելիքսեթին՝ այլ կաթողիկոսական գահին և մեզ ամենիս իբրև հայ ազգի անդամների, պետք է ուրեմն այդ գահը ազատենք անպատվությունից, սպառնացող վտանգից...։