— Ա՛ մեռած, խալիչան չի՞ կեղտոտվիլ:
— Խալիչի բանն ուրիշ ա, կեղտը վրան չի երևում,— առարկեց Պետրոսը։
— Լավ, կարճ կապիր, ինչի՞ համար ես եկել,— հարցրի ես։
— Հեր օրհնած, թող մի նափաս (շունչ) քաշեմ է՜. ախր էս նմութին եկա... յա չէ մի ստաքան էս տաք ջրիցը խմեմ, որ խոսամ,— նկատեց ժամկոչը, կարծես վիրավորված։
— Դրուստ ա ասում, թող չայ խմի, հետո կխոսա,— ձայնակցեց մայրս և պատրաստ բաժակը դրավ ժամկոչի առաջ։
— Աստված օրհնի էս չայ շինողին. ասըմ էն ռուսն ա շինել, գիտում չեմ ղո՞րթ ա թե սուտ, ամա, հախ աստծու, լավ բան ա. մարդ որ խմում ա, օսկոռները կակղում են,— այս հառաջաբանով մոտեցավ ժամկոչը բաժակին։
— Ուղիղն ասա, Պետրոս, չա՞յն է լավ թե՞ արաղը,— հարցրի ես կատակով։
Պետրոսի աչքերը փայլեցին և նա ժպտալով պատասխանեց.
— Ընդենց բանն ընչի՞ ես ասում... դու որ պսակվել ուզենաս ու ես գամ հարցնեմ թե՝ Սիմո՛ն֊ աղա, ջեհե՞լ աղջիկ կուզես, թե՞ պառավ, դու ի՞նչ ջուղաբ կտաս։
— Իհարկե, կասեմ՝ ջեհել։
— Բա էլ ընչի՞ ես հարցնում թե՝ չայն ա լավ թե արա՞ղը. խի՞ դու գիտում չե՞ս, որ չայը պառավ աղջիկն ա, արաղը ջեհե՞լ... մատաղ ըլեմ արաղ ստեղծողի հոգուն. մի ռոմկա, որ մարդ կուլ ա տալի, ասես անմահական ա դառնում։ Ըդենց չի՞, Շողի-հաքիր,— դարձավ ժամկոչը մորս։
— Ես ի՞նչ գիտեմ, արաղ հո չե՞մ խմել,— պատասխանեց վերջինս։
— Բաս է՛ն ա, ասա, անմահական ջրի զորությունը փորձել չես է՞լի... Աստված հաջողի՝ քիչ էլ պառավես, համին կընկնես, էն չախը, որ ռումկան դնես բերանիդ, կասես՝ «հոգիդ լուս դառնա, ժամհար Պետրոս, էս ինչ ղիամաթ (երևելի) զադ ա ըլել»։