Այս էջը հաստատված է


— Աստված ոչ անի. ես մինչի մահս արաղ չեմ դնիլ բերանիս,— նկատեց մայրս։

— Չէ, չէ, Շուղի-հաքիր, էդ ասիլ մի՛, արաղը, որ կա, ծերոց գավազանն ա. թե որ մին-մին կուլ չտաս, գիտա՛ որ հարսդ գլուխդ ծեծելու ա։

— Ընչի՞, ա՛ մեռած։

— Ընդուր, որ օյաղ վախտդ (ժամանակդ) սկսելու ես ամեն բանի խառնվիլ, ամեն բանի հմար խոսալ. հարսդ էլ էս բանը վեր չունենալու, էնդուց դենը տուրուդմբոցն սկսելու ա: Ամա դե որ մին ռումկա ռավոտանց կուլ տաս, մինն էլ կեսօրին, մինն էլ րիգունը. մին-մին էլ թե կարաս, դրանց մեջտեղումը, էն ա քեֆդ չաղանալու ա, էլ սաղ օրը ո՛չ խերին էս խառնվելու, ո՛չ շառին: Հարսդ էդ բանը տեսնելով՝ փարվան (պտույտ) ա տալու, ջան եք ասելու, ջան լսելու։

— Ա՛ մեռած, բա ես կա՞րամ ըդենց բան անիլ,— հարցրեց մայրս ծիծաղելով։

— Դե որ չանես, տունդ սաղ օրը ղալմաղալում կըլի... ա՛յ էդ բանը լավ ա հասկացել մեր երեցփոխը։ Հենց էն ա տեսնում ա, որ սկսում եմ մրթմրթալ, առանց դրան էլ հո չի ըլիլ, մարդ ենք, մի օր էս պակասությունն ենք տեսնում, մեկել օր էն պակասությունը, կարում չենք, որ համբերենք, չխոսանք— էն ա էդենց վախտը (ժամանակ) սիպտակ աբասին դնում ա ձեռքումս հու ասում.— «Ա Պետրոս, տեսնում եմ, որ ծարավել ես, գնա մի դոյինջան (կուշտ) կուլ տուր»։ Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ, գլուխս քաշ եմ գցում ու թուշ (ուղիղ) Կարունի դուքանը գնում։ Նրա արաղը, ղորթ ա, խաղողի չի, թութի ա, ամա դե որ տրիցատկան (չափ) քամում եմ, վրան էլ կտոր հաց, յա աղի խիյար ծամում, էլ ամեն ինչ մոռանում եմ, ոչ ժամ ա միտս գալի, ոչ պատարագ. հենց իմանում եմ աշխարհն իմն ա, միջի մարդիկն էլ մարդիկ չեն, հրեշտակներ են։

— Ուրեմն երեցփոխից է՞լ կաշառք ես առնում,- հարցրի ես ծիծաղելով։

— Կաշառք խի՞ եմ առնում. ես հո նրա դատավորը չեմ. ամա դե մարդ ա, ղալմաղալ չի սիրում, ուզում ա խաթրս առնի, որ դեսուդեն չման գամ ու իրա վրան չխոսամ։