Այս էջը հաստատված է

— Էսքանը, հաքիր ջան, բավական ա. մին ռումկա էլ էն զահրմարիցը բե՛ր խմեմ, Սիմոն աղին օրհնեմ։

Մայրս, իհարկե, կատարեց ժամկոչի խնդիրը։

Վերջինս ուրախությունից դողացող ձեռքով առավ բաժակը և ժպտալով ասաց.

— Շատ բան չեմ ուզում աստծուց. հենց էնքան ըլի, որ մինչև մահվան օրը կարամ ամեն օր էրկու ռումկա էս անմահական ջրիցը խմիլ։ Լուս դառնա Ջիլփունց Ուհանջանի ասըմ են նա ա արաղը ադաթ գցել մեր երկրումը, առաջ ըսկի ըլել չի...— Այս ասելով բաժակը դատարկեց։

— Ա մեռած, բա ասըմ էս արաղ տուր խմեմ Սիմոն աղին օրհնեմ, հմի Ջիլփունց Ուհանջանին ես օրհնո՞ւմ,— ընդհատեց մայրս ժամկոչին։

— Բա՛, Շուղի-հաքիր, յանղլիշ էկա (սխալվեցա)։ Եկ էս մինը թավ չանենք (չհաշվենք), մինն էլ ածա՛ խմեմ Սիմոն աղին օրհնեմ։

— Չէ՛, չէ, ինձ օրհնանք չէ պետք. խմածդ բավական է, այժմ ասա՛, ինչի՞ համար ես եկել,— ընդհատեցի ժամկոչին՝ տեսնելով, որ նա ի չարն է գործ դնում մորս բարությունը։

— Ասեմ բա՛, ախր որ միտս չես գցում,— պատասխանեց Պետրոսը, կարծես նոր ուշքի գալով,— երեցփոխը խնդրում է, որ նեղություն քաշես ու մի սհաթով գաս ժամի օթախը։

— Ի՞նչ կա,— հարցրի ես։

— Ասըմ ա հաշվատեսները եկել են, պետք ա հաշիվներին ձեռք քաշեն․ դե տանից էլ մինը պտի ըլի, չուն դուք էլ հաշվատես եք։

— Հայրս է ընտրված, ինձ ինչո՞ւ է կանչում։

— Դե հերդ ըստեղ չի, ասըմ են դիփ մեկ ա, դու ըլես թե նա։

— Ասողն ո՞վ է, երեցփո՞խը,— հարցրի ես, կամենալով հավաստիանալ, թե արդյոք ինձ հրավիրողը միայն նա՞ է, թե՞ նաև լիազորները։

— Երեցփոխն էլ է ասում, հավաքված հաշվատեսնին էլ,— պատասխանեց Պետրոսը։— Ուրեմն հրավերը երկու կողմից էր, հետևապես, կարող էի չմերժել: — Լավ, կգամ, դու գնա՛,— ասացի ես: — Դե շուտ եկ, քե մատաղ, ընենց ըլի, որ չեդանաս,երեցփոխը վրաս չբարկանա...— Ապա դառնալով մորս,— Շողի-Հաքիր, արաղդ փորումս դամ ա տալի, աստված տունդ շեն պահի,— ասաց ժամկոչը և մորթե գդակը գլուխը քաշելով դուրս գնաց սենյակից: