ՊԱՊԱՔ.— Օ՜, ի՛նչ դժբախտություն։
ԹԵՆԻ․— Այո՛, նա մեռավ թողնելով ինձ այս՝ (ցույց տալով մատի վրա ունեցած մատանին) իբրև միակ պաշտպան այս աշխարհի մեջ։
ՊԱՊԱՔ.— Այդ մատանի՞ն։
ԹԵՆԻ.— Այո։
ՊԱՊԱՔ.— Անշուշտ դա ունի թանկագին մի գոհար, որի արժեքը կարող է քեզ ապահովել։
ԹԵՆԻ.— Ոչ. նրա գոհարը չարժե ավելի՝ քան մի հատ երինջ,
բայց նրա տակը պահված է զորավոր մահաթույն։
ՊԱՊԱՔ.— (զարմացած) Մահաթո՞ւյն։
ԹԵՆԻ.— Այո՛։ Մայրս մեռնելուց առաջ տվավ ինձ այս՝ ասելով.— Թենի, քեզ այս աշխարհում թողնում եմ միայնակ։ Եթե երբևիցե հանդիպես այնպիսի դժբախտության, որ մահը գերադաս համարես կյանքից, հանիր այս մատանու ակը և նրա տակ դրած թույնը ջրում լուծելով խմի՛ր. նա քեզ կբերե խաղաղ՝ բայց հավիտենական քուն։
ՊԱՊԱՔ.— Որպիսի՛ տարօրինակ կտակ։
ԹԵՆԻ.— Բայց և փրկարար։ Քանի՜-քանի՜ անգամ ես կամեցել եմ դիմել այս քնաբեր մատանու օգնության։
ՊԱՊԱՔ.— Ի՜նչ տղայություն։ Արժե՞ միթե այդ աստիճան ընկճվիլ չարության առաջ։ Ընդհակառակը, պետք է աշխատել՝ պատժել հակառակորդին։
ԹԵՆԻ.— Օ՜ , շատ կցանկանայի, բայց ի՞նչ կարող էի անել։
ՊԱՊԱՔ.— Այն, ինչ որ Ներսեհի մայրը քեզ արավ։
ԹԵՆԻ.— Այսի՞նքն։
ՊԱՊԱՔ.— Նրա շնորհիվ դու իշխանուհի լինելու փոխարեն՝ դարձել ես մի դայակ․ հենց այդ պաշտոնիդ շնորհիվ՝ դու կարող ես վրեժ լուծել քո թշնամուց։
ԹԵՆԻ.— Ինչպե՞ս։
ՊԱՊԱՔ.— Օգնելով ինձ՝ խանգարել Ներսեհի ամուսնությունը Ռուզանի հետ։