Երբ դուրս եկա փողոց, ինձ այնպես թվաց, թե հասակս բարձրացել է, որովհետև մեջքս, հակառակ սովորականին, բռնել էի ուղիղ, իսկ գլուխս բարձր։ Դրա պատճառը, ես կարծում եմ այն էր, որ հենց այդ վայրկյանին մտածում էի այն մասին, թե որովհետև երեցփոխն ու լիազորները պատիվ են արել հորս փոխարեն ինձ հրավիրելու, ապա ուրեմն ես այնպիսի խիստ ու լուրջ ձևով պիտի վերաբերվեմ քննության գործին, որ նրանք զարմանան և ասեն թե «ա՛յ հասկացող մարդ»։ Այդ վայրկենին ես, իհարկե, հիշեցի, նաև ժամկոչի խոսածները և որոշեցի աչքի առաջ ունենալ նրանց քննության միջոցին։
Որովհետև եկեղեցին մոտ էր մեր տանը, ուստի շուտով էլ հասա նրան։ Երբ ներս մտա երեցփոխի սենյակը, այդտեղ արդեն բազմած էին ինքը` երեցփոխը և ժողովրդական վեց լիազորներ։ Նրանք բոլորել էին մի մեծ, սև մահուդով ծածկված սեղան, որի վրա դրված էին ժապավինյալ մատյաններ, հաշվեցույց թերթեր և մի մեծ համարիչ։ Սենյակի մի կողմը բռնած էր մի լայն դարակ` զանազան բաժանմունքներով, որոնց մեջ դարսված էին զանազան գնի ու մեծության ոսկեզօծ ու հասարակ մոմեր։ Իսկ հանդիպակաց պատի ուղղությամբ դրված էին երկու ապակեծածկ մեծադիր պահարաններ, որոնց մեջ կախված էին թանկագին շուրջառներ ու արծաթե բուրվառներ։ Իսկ դրանց վերևը շարված մեծագին թագեր, սաղավարտներ և այլ այնպիսի իրեր, որ անկարելի էր թողնել եկեղեցում, կամ հանձնել հասարակ սպասավորի հսկողության։ Սենյակի անկյուններում, նույնպես, դրված էին այնպիսի քշոցներ, խաչվառներ ու աշտանակներ, որոնք գործ էին ածվում միայն հանդիսավոր օրերին։ Միով բանիվ, երեցփոխի այդ սենյակը նմանում էր ավելի եկեղեցու մի բաժանմունքի, քան այնպիսի մի հարկի, ուր կարելի էր նստել հաշիվներ քննել, կամ նրանց մասին խոսել։
Ճիշտ շրջապատող իրերի չափ լուրջ կերպարանք ունեին և սենյակում բազմողները։ Երեցփոխը, որ մի կարճահասակ, առողջակազմ, փոքր-ինչ հաստափոր և վաթսունն անցած մարդ էր, աչքի էր ընկնում յուր խոշոր ու ազդու դեմքով, որն ամբողջապես ծածկված էր գորշախառն մորուքով։