Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց.
— Ա՛ բալամ, խի՞ եդացար։ Էսքան հոգի քեզ ենք սպասում։
— Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամկոչն է ուշ եկել,— արդարացա ես։
— Կըլի որ էն հիմարն ա ուշ գնացել,— մեջ մտավ երեցփոխը, կամենալով հաճելի լինել ինձ։
— Լավ, վնաս չունի, էդ ա էկել ես, հմի մեր գործը տեսնանք,— համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց.
— Գիտու՞մ ես քեզ խի՞ ենք կանչել։
— Կարծեմ երեցփոխի հաշիվներին...
— Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորագրելու) համար,— ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց — ըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յոթերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի...
— Երկու օրից կգա,— հայտնեցի ես։
— Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը. հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես։
— Շատ բարի,— համաձայնվեցա ես։
— Դե վեր ա'ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր,— կարգադրեց երեցփոխը։
— Ընչի՞, թող առաջ մեծերը (հասակավորները) ձեռք քաշեն այ, Մեսրոբ դային, Աբրահամ ապերը...
— Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով, վեր կալ ձեռք քաշիր,— նկատեց Մեսրոբ դային։
— Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ,— համառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան։
— Լավ, ըդել թող քու ասածն ըլի,— համաձայնեց Մեսրոբ դային և թուղթն առնելով ստորագրեց բարձրաձայն արտասանելով— Մեսրոբ Թառումյանց... Բա՛, էս ցո-ին հաքին (պոչը) շատ էրկանացավ, հու վնա՞ս չունի։