Այս էջը հաստատված է


— Տնաշեն, հինչ վնաս ունի. թող էնքան երկանանա, որ հլա աղվեսի հաքի դառնա,— ծիծաղելով նկատեց Մցական բեգը և թուղթն առնելով ստորագրեց յուր անունը խիստ արագ:

— Բահ, մարդ էլ կարա ըդենց գիր է՛... ես հրես ագռավի չանչյուլներ (չանգեր) եմ քաշիլու,— ասաց Բալադուզին և թուղթն առնելով իրավ որ մի քանի զույգ չանգեր գծեց նրա վրա:

— Ասիլ (իսկական) ստորագրությունն էլ քունն ա որ կա,— գովեց Բալա-դուզուն Դավութ բեգը, ապա ինքը ևս ստորագրելով թուղթը տվավ Ավան ապորը։

Վերջինս մոնոկլը սազացնելով աջ աչքին, ձախը փակեց և ապա ծնոտը մի կողմ ծռելով և շրթունքները պրպտացնելով գրեց «Ավանես Դաստակով»։

— Դու էլ տո՛ւր Աբրամին,— կարգադրեց երեցփոխը։ Ավան ապերը թուղթը դրավ Լղարենց Աբրահամի առաջը։

Վերջինս զգալով՝ որ լուրջ պարտավորություն ունի կատարելու, սկսավ հանդիսավոր կերպով պատրաստվել դրա համար։ Նախ հանեց կապույտ աղլուխը և յուր երկար, լղար քիթը խնամքով նրա մեջ առնելով երկու անգամ ուժգին խնչեց, հետո թաշկինակը ծալելով և գրպանը դնելով, առավ գրիչը նայեց մեկ նրա ծայրին, մեկ էլ ստորագրելի թղթին, հետո գրիչը իրար վրա երեք անգամ թաթախեց թանաքի մեջ, ապա մի վերջին անգամ էլ նայելով գրչի ծայրին թուղթը ջերմեռանդությամբ մոտեցրեց իրեն և սկսավ ծանր ու հանդարտ ստորագրել` «Աբրահամ Բագրատյանց»:

— Դո՛ւ էլ լավ գիր ունես հա՜ ,— վիզը երկարացնելով և կարմիր մորուքը թղթին մոտեցնելով նկատեց Բալա-ղուզին։

— Գիր ա, էլի՞, լավ-օսալ գրում ենք, մեզանից հու փիլիսոփա դառնող չինելու,— համեստությամբ նկատեց Աբրահամ ապերը։

— Դե հմի դու մնացիր. վեր առ ձեռք քաշի՛ր,— կարգադրեց Մեսրոբ դային՝ դառնալով դեպի ինձ։