Ես թուղթը առաջս քաշեցի և սկսա թերթել: Հավատացած լինելով, որ վեց հաշվատեսները բավականաչափ ծանոթացել են գործին, պարտքս համարեցի, ստորագրությունս դնելուց առաջ, ինքս էլ ծանոթանալ նրան:
Սկսելով կարդալ սկզբից, տեսա, որ հաշվի մեջ հետզհետե նշանակված էին ել և մուտքի անփոփոխ գումարներ, խիստ կարճ բացատրություններով, ուստի դիմելով երեցփոխին, ասացի.
— Ինչպես երևում է` սա ձեր հաշիվների ընդհանուր ամփոփումն է, ապա ո՞րտեղ են գրված նրանց մանրամասնությունները։
Երեցփոխը նախ մի զարմացական հայացք ձգեց վրաս և ապա մատնացույց անելով ժապավինյալ մատյանները, արհամարհական սառնությամբ ասաց.
— Ա՛յ սրանց մեջ:
— Կարելի՞ է արդյոք նայել և մի քանի գումարներ ստուգել,— հարցրի ես միամիտ քաղաքավարությամբ:
— Հըը՜մ...— արավ երեցփոխը քթի մեջ և չպատասխանեց:
— Ի՞նչ ես ասում...— հարցրեց Ավան ապերը մոնոկլը վրաս ուղղելով։
— Ասում եմ մի քանի գումարներ ստուգեմ։
— Ի՞նչ գումարներ ստուգես,— մեջ մտավ երեցփոխը, այս անգամ արդեն դեմքը խոժոռելով։
— Այ, օրինակ, այստեղ դուք գրում եք. «Ջրօրհնեաց պատրաստության ծախք 34 ռ. 60 կոպ...»։ Ես հետաքրքրվում եմ իմանալ թե ի՞նչ ու ի՞նչ բաների են տրված այդ 34 ռ. 60 կոպեկը։
— Հը... ըմ,— դարձյալ մնչացրեց քթում երեցփոխը և ապա դառնալով հաշվատեսներին թթված ժպիտով հարցրեց.— ո՞նց եք հավանում սրան։
— Ադա ի՞նչն ես ստուգում,— կես զարմացած և կես վշտացած դարձավ ինձ Մեսրոբ դային։
— Ինչպե՞ս թե ինչն եմ ստուգում... Դուք ինձ առաջարկում եք ստորագրել այս հաշիվներին իբրև հաշվատես. էհ, ես չպետք է՞ նախ սրանց ճշտությունը ստուգեմ, հետո ստորագրեմ: