— Էդ ի՞նչ օյին ես հանել դու։
— Ի՞նչ եմ արել:
— Ո՞նց թե ի՞նչ եմ արել։ Էն վեց պատվական մարդիկը, որ քեզ միաբերան ասըմ են` ստորագրի երեցփոխի կաշվին, ընչի՞ չես ստորագրում։
— Հո ստորագրում էի. բայց երեցփոխը չընդունեց իմ ստորագրությունը։
— Տե՛ս, տե՛ս, հալա ի՞նչ ա ասըմ։
— Ի՞նչ եմ ասում։
— Տո դու չե՞ս ասել, թե հաշիվը մեկ-մեկ պետք ա կարդամ, փռնացնեմ (համեմատեմ)։
— Հա, ասել եմ, ի՞նչ վատ բան եմ արել։
— Տո՛, բաս ըդենց խոսողի ստորագրությունը կընդունե՞ն:
Ես էս ա տասը տարի ա հաշվատես եմ ընտրվում, ե՞րբ եմ երեցփոխի հաշվին մտիկ տվել, յա քննել, որ դու էդ պիծի (փոքր) տեղովդ ուզում ես քննես։
— Ուրեմն լավ բան ես արել, էլի՞. ժողովուրդը քեզ հաշվատես է ընտրել նրա համար, որ դու միայն քո ստորագրությունը գնես երեցփոխի հաշվի տակ և դրանով էլ պարտքից ազատ համարես քեզ։
— Բա էլ ուրիշ ի՞նչ պիտի ըլի։
— Ինչպե՞ս թե ի՞նչ պիտի լինի, չի՞ կարող պատահել, որ երեցփոխը սխալվի, կամ դիտմամբ տվածն ավել, կամ ստացածը պակաս գրի՞, կամ փող թաքցնի՞...
— Սուս կաց տո՛, սուս կաց. էդ ինչե՞ր ես խոսում. իստակ անհավատ ես դարձել... Ադա, ժամի կողքիցը կպած օթախումը, էն խաչերի, խաչվառների միջումը սխալմունքը գողություն կըլի՞։
— Ինչի՞ չի լինիլ. հենց ժամի միջումն էլ կլինի,— նկատեցի ես։
Հայրս շրթունքները հուպ տվավ, խեթ-խեթ նայեց վրաս և գլուխը տխրությամբ շարժելով՝ դուրս գնաց։
Այդ նշան էր, որ նա այդ վայրկյանին ամենադժբախտ մարդը համարեց իրեն` ինձ նման անառակ որդի ունենալու համար...։