Այս էջը հաստատված է

2

ՀԱՏՈԻԿ ԹՂԹԱԿԻՑԸ

(Գավառացու օրագրից)

Ա

Որ ես այժմ բախտավոր եմ, դրա մասին կասկած չունիմ. բայց կցանականայի, որ դուք էլ համոզվիք, թե իրավ, բախտավոր եմ։ Այս ապացուցանելու համար կարիք չկա ճառ խոսելու, բավական է ասել թե թղթակից եմ և ամեն բան կհասկացվի։
Բայց հասկանալուց առաջ բնական է, որ դուք հետաքրքրվիք իմանալ, թե ինչպե՞ս պատահեց այդ, այսինքն որ ես, «առանց պատշաճավոր պատրաստության», դարձա հայոց թերթի թղթակից:
(Չակերտներում դրված բառերը ո՛չ թե իմ խոստովանությունը, այլ ձեր կարծիքն է, որի դեմ բողոքում եմ. որովհետև հասարակությունն իրավունք չունի իմ մասնավոր կյանքը քննելու, իսկ պատրաստություն ունենալու կամ չունենալու խնդիրը, ինչպես հայտնի է, վերաբերում է զուտ մասնավոր կյանքին, ինչպես և իմ կուշտ կամ քաղցած լինելու խնդիրը դարձյալ վերաբերում է դրան)։
Բայց ինչ որ է, այժմ ձեզ կպատմեմ, թե ինչպե՞ս պատահեց այդ։
Մի օր ես միայնակ ճեմում էի մեր պատշգամբի վրա, և մտածում ա՛յն մասին, թե ինչպե՞ս են անում մարդիկ, որ մեծ քաղաքներում հրատարակվող թերթերի թղթակից են դառնում:
Խնդիրը լուրջ էր, ես էլ մտածում էի լրջորեն։ Հանկարծ մի սաստիկ ցանկություն զգացի թղթակից դառնալու: