Այս էջը հաստատված է

ԹԵՆԻ.— Օգնելով քե՞զ... Ուրեմն դու է՞լ դեմ ես այս միության։

ՊԱՊԱՔ.— Եվ ինչպե՞ս կարող եմ չլինել դեմ, քանի որ այդ միությունը պատճառ պիտի լինի իմ կործանման։
ԹԵՆԻ.— (վախեցած) Ինչպե՞ս։
ՊԱՊԱՔ.— Դու գիտես, որ յոթ երկար տարիներ ես գերի էի Թաթարստանում և միայն երկու տարի է, ինչ վերադարձել եմ մեր երկիրը։
ԹԵՆԻ.— Գիտեմ։
ՊԱՊԱՔ.— Իմ գերության միջոցին' Ներսեհի հայրը անիրավաբար խլել էր այրի մորս ձեռքից Ծոփափորի իմ կալվածները և մեռնելուց հետո թողել այն յուր որդուն՝ իբրև նրա սեփական ժառանգություն։ Երբ ես վերադարձա' աշխատեցի համոզել Ներսեհին ճանաչել իմ իրավունքը և վերադարձնել ինձ և իմ կալվածները, բայց նա չլսեց և իմ խնդիրն ու բողոքը թողեց անուշադիր։ Ինը տարի է' ինչ իմ տունը մի դանգ չէ ստացել այդ
կալվածներից։
ԹԵՆԻ.— Իսկ այդ խնամությունը ի՞նչ կապ ունի քո զրկանքի հետ։
ՊԱՊԱՔ.— Իմ հույսը Ջալալ իշխանի վրա էր։ Նա յուր ազդեցիկ միջնորդությամբ կարող էր վերադարձնել տալ ինձ իմ հայրենի ժառանգությունը։ Բայց այժմ, երբ Ներսեհն առնում է Ռուզանին, Ջալալն այլևս չի ցանկանում յուր միջամտությամբ զրկանք պատճառել փեսային։ Մյուս կողմից էլ Ներսեհն աներոջ զորության վրա վստահանալով' այսուհետև ավելի ևս համառությամբ պիտի դիմադրե ինձ։ Այս պատճառով, ահա՛, ես դեմ եմ այդ միության։
ԹԵՆԻ.— Իրավունք ունիս. այս ամուսնությունը վնաս կբերե քեզ։
ՊԱՊԱՔ.— Բայց եթե դու ինձ օգնես, ես վնասից կազատվեմ, իսկ դու' քո ատելիից։
ԹԵՆԻ.— Ամենայն սիրով. բայց ի՞նչ կարող եմ անե՛լ:
ՊԱՊԱՔ.— Ահա՛ թե ինչ։ Համտունը, ինչպես գիտես, եկել է Խոխանաբերդ Ռուզանի ձեռքը խնդրելու, բայց հայրը անպատճառ պիտի մերժե նրան, առարկելով, որ յուր դուստրը սիրում է Ներսեհին։ Այս պատճառով, ահա՛. ես որոշեցի գործը կարգադրել այնպես, որ Ռուզանը ինքը ընտրե Համտունին իրեն փեսա։ Եվ գործ դրած հնարներս հաջողվել են. Ռուզանի սիրտը այժմ գրավված է միայն Համտունով։