— Գավազանահարության։
— Հա՛, շատ ապրիք, ես էլ հենց ձեր կարծիքին էի։ Եվ այդ պատճառով շունչս բռնած ու սրտատրոփ սպասում էի թե ահա, ուր որ է, մեկի գավազանը կիջնե մյուսի գլխին, ճակատներից մինը կպատռվի, աչքերից մինը դուրս կպրծնի. իսկ արյունը, համենայն դեպս, կծորե մեկի կամ մյուսի երեսից։ Բայց, ցավելով պիտի ասեմ, այդպիսի բան չպատահեց և քահանաները, երևի, միայն հասարակ տեսակի հայհոյանքներ ու անեծքներ տալով միմյանց, հեռացան: (Կղերականներն, ասենք, միշտ երկչոտ են. այդ ամենքս գիտենք)։ Ի՞նչ մեղքս ծածկեմ, շատ կոտրվեցա։ Որովհետև ինքս տաք խառնվածքի տեր լինելով և մանավանդ թե կյանքով ու կրակով լի սիրտ ունենալով, չափազանց սիրում եմ վեճ, աղմուկ, կռիվ, հայհոյանք, և նամանավանդ հանդիսավոր գավազանահարություն.— միայն թե այդ բաները ինձ չպատահեն, (այդ դեպքում, առհասարակ, շատ խաղաղասեր եմ), այլ պատահի ուրիշներին, ինձանից հեռու մարդկանց, իսկ ես մեր պատշգամբում կանգնած, հանգիստ սրտով դիտեմ ու զվարճանամ։ Չեմ սիրում, մինչև անգամ, երբ ինձ վկա են տանում դատարան, այդպիսի դեպքում ես միշտ ասում եմ` «թե ոչինչ չեմ տեսել», որպեսզի ապագա գլխացավությունից ազատվեմ։ Որովհետև բանը հո չէ վերջանում հաշտարար դատարանով. նրանից հետո գալիս է նահանգական դատարանը, դատաստանական պալատը, կառավարիչ սենատը, մինչև այդտեղ ով ունի գլուխ թրև գալու։ Ա՛յ, ուրիշ բան է լրագիրը, մի լուր հաղորդում ես, սու՛տ թե ճշմարիտ, հարցնող չկա. մարդիկ վրդովվում են, իրար վրա են հարձակվում, իրար միս գզգզում, և դու հանգիստ նստած դիտում ես ու ծիծաղում, սրանից էլ լավ բա՞ն։
Բայց մենք խնդրից շեղվեցանք։
Հա, այն էի ասում, թե քահանաները հեռացան առանց կռվելու և այդ հանգամանքը սիրտս շատ կոտրեց, բայց մի փոքր հետո, հենց նույն հանգամանքը մի երջանիկ միտք ծնեցրեց իմ գլխում,— «արի, ասացի, այս դեպքը լուր շինեմ, մի փոքր էլ ծաղկեցնեմ և ուղարկեմ մեր թերթերից մինին, անպատճառ կտպեն։ Եվ եթե տպեցին, այդ արդեն ապացույց է, որ ես գրելու տաղանդ ունեմ, ուրեմն և համարձակ կարող եմ իջնել գրական ասպարեզ»։