Այս էջը հաստատված է


Այսպես էլ ուղղությունը, բանակը կամ կուսակցությունը։ Այսօր երիտասարդ լինելով պատրաստվում ես իջնել գրական ասպարեզ, դրա համար հարկավոր է ընտրես մի կուսակցություն, ինչպես որ ձմեռը հասած ժամանակ վերարկու չունեցողն ընտրում է մի վերարկու։ Սկզբում, իհարկե, դու ուշադրություն կդարձնես արտաքին փայլին և մեծահնչյուն անվանը, իսկ թե հետո ի՞նչ դուրս կգա, այդ արդեն քո բախտն է, չպիտի տրտնջաս:

Ահա՛ ճիշտ այս մտքով գործեցի և ես, երբ հարկ եղավ որոշել, թե ո՛ր լրագրին դիմեմ.— «բոլոր աշխարհն, ասացին առաջ է գնում, ես ինչո՞ւ եմ ետ մնում։ Վերջին վարսավիրան էլ չի ընդունում, որ իրեն չանվանես առաջադեմ կամ ազատամիտ, մի՞ թե կվայելե, որ ինձ նման ինտելիգենտը չպատկանի նույնպես ազատամիտների խմբին»։

Այսպիսի գեղեցիկ որոշման գալով ծրարս փակեցի և ուղարկեցի նրան` ազատամիտ «Հնձվորի» խմբագրությանը: Եվ որպեսզի աշխատությունս անկորուստ հասներ նրան, ես ծրարը ապահովացրի։ Որովհետև մտածեցի, թե կարող է պատահել, որ նամակս Թիֆլիս հասնելուց անցնե հարբած մի ցրիչի ձեռք և սա փոխանակ «Հնձվորին» հանձնելու, տանե և տա պահպանողական «Սայլորդին»... Աստված մի արասցե, այդպիսի մի թյուրիմացության շնորհիվ ես ուղղակի զոհ կդառնայի իմ լուրջ սկզբունքներին, այսինքն ստիպված կլինեի պահպանողական դառնալու։ Որովհետև պարզ է, որ ինչ թերթում տրվում է մարդու անդրանիկ գրվածքը, այն թերթի ուղղությանն էլ նա պիտի հետևե։ Հո չի կարելի սեփական մտքի ստեղծագործությունից հրաժարվել այս ու այն ուղղության պատճառով։

Ինչևէ, փոստային մի ավելորդ մարկա ապահովացրեց իմ համոզմունքը և պարզապես որոշեց իմ ուղղությունը։

Այնուհետև ամեն անգամ, որ Թիֆլիսից ստացվում էր «Հնձվոր» թերթը, ես նյարդային հուզմունքով սկսում էի նրա մեջ պտրտել իմ լուրը։ Իմ աչքը չէին գալիս ո՛չ այդ թերթի առաջնորդողները, ո՛չ արտաքին տեսությունը, ո՛չ բանսիրականը... Ես զբաղվում էի միայն նրա ներքին տեսությամբ, որովհետև իմ «երկը» միայն այդտեղ կարող էր լինել։ Եվ ես պտրտում էի... բայց ինչպե՜ս էի պտրտում, սրտատրոփ, շնչասպառ... ո՜վ քաղցր վայրկյաններ իմ գրական անդարձ անցյալի...