Եվ այսպես, ես հաշտվեցի իրողության հետ, մխիթարելով ինձ ա՛յն քաղցր մտածությամբ, թե ես ուրեմն, «գրող» եմ և կարող եմ այսուհետև համարձակ իջնել գրական ասպարեզ և կանգնել այն մարդկանց շարքում, որոնք իրենց անվանում են «թղթակից֊հրապարակախոս»։
Հետո «Հնձվորում» տպված իմ լուրի շուրջը կարմիր թանաքով մի հաստ ու գեղեցիկ շրջանակ քաշեցի և թերթը կախեցի սեղանի առաջ` հանդիպակաց պատին, լուսանցքի վրա նախապես գրելով հետևյալը. «Այս է իմ գրական առաջին «երկը», որ լույս տեսավ 1873 թվականի մայիսի 25֊ին։ Իմ գրական գործունեության քսանհինգամյակը լրանում է 1898 թ. մայիսի 25 -ին»։
Բ
Ասում են՝ դիպվածները շատ անգամ «փոքրիկ» մարդկանց դարձնում են «մեծ»։ Եվ այդ ճիշտ է։ Եթե տեր Շմավոնի գավազանը իջած չլիներ տեր Սիմոնի գլխին (գրական էտիկետը պահանջում է, որ մի անգամ հայտնածս ճշմարտության վրա պնդեմ մինչև վերջը), ես, իհարկե, այսօր թղթակից չէի դառնալ ազատամիտ «Հնձվորին», այն էլ ոչ թե պատահական, այլ «հատուկ»։
Այժմ կհետաքրքրվեք իմանալ, թե ե՞րբ դարձա ես «հատուկ թղթակից», քանի որ այդ մասին դեռ ոչինչ չեք լսած: Պատմեմ համառոտ։
«Հնձվորի» համարը մեր քաղաքում ստացվելուց մի օր հետո դուրս եկա փողոց իմանալու համար, թե ի՞նչ են խոսում արդյոք լույս տեսած լուրի մասին։ Որքա՜ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ թեմական դպրանոցի ծանոթ ուսուցիչներից մինը հայտնեց, թե այդ լուրը մեծ իրարանցում է ձգել քահանաների մեջ, իսկ սրբազան առաջնորդն այնքան է վրդովվել, որ հրամայել է գործակալներին քննություն կատարել և հանցավորներին գտնելով խստությամբ պատժել։