ԹԵՆԻ.— (ընդհատելով Պապաքին) Այդ մի ավետիք է, Պապաք իշխան. ո՞ւր էր թե Ներսեհը չերևար այլևս այս ամրոցում։ Բայց ես Ռուզանի մեջ փոփոխություն չեմ նկատել, միգուցե սխալվում ես։
ՊԱՊԱՔ.— Ռուզանը ծածկամիտ է և չէր բացվիլ քո առաջ, բայց ես ապահով եմ, որ հմտությամբ եմ գործել։
ԹԵՆԻ.— Ի՞նչ ես արել իսկապես։
ՊԱՊԱՔ.— Պատմությունը երկար է, հետո կզրուցեմ։ Այժմ ինձ հարկավոր է քո շուտափույթ օգնությունը։
ԹԵՆԻ.— Այսի՞նքն։
ՊԱՊԱՔ.— Քանի դեռ Ջալալը բացակա է ամրոցից, անհրաժեշտ է, որ Համտունը տեսնվի Ռուզանի հետ և յուր առաջարկությունը անե նրան անձամբ։ Համտունը պերճախոս է և կգրավե օրիորդին։ Բավական է աղջկա կողմից համաձայնության մի բառ և իշխանն այնուհետև կխլե նրան յուր հորից. դրա համար Համտունն ունի օրինական իրավունք։ Արդ դու մի հնարով բեր Ռուզանին այս սրահը և միջոց տուր նրան՝ պատահել Համտունին և խոսել նրա հետ...
ԹԵՆԻ.— (ընդհատելով) Իմ ներկայությա՞մբ այդ անկարելի է։
ՊԱՊԱՔ.— Քո ներկայությա՞մբ. Իհարկե ոչ. մի՞թե ես թույլ կտամ, որ իշխանուհու դայակը պատասխանատվության ենթարկվի։
ԹԵՆԻ.— Հապա՞։
ՊԱՊԱՔ.— Հենց որ իշխանն ու օրիորդը կսկսեն խոսել, մենք մի պատրվակով կհեռանանք այստեղից։
ԹԵՆԻ.— Եթե այդպես է, կարող ես հուսալ ինձ վրա։