Այս էջը հաստատված է


— Ուրեմն, սիրելի բարեկամ, այդ դուք եք, դո՛ւք...

— Այո՛, ինչո՞ւ ծածկեմ լավ բարեկամից... Բայց, խնդրում եմ՝ թող ոչ ոք այլևս չիմանա այդ։

— Բայց ախր դուք․․․ ներողություն...

Ինձ թվում էր, թե նա կամենում էր ասել՝ «ախր դուք այնքան մտավոր պատրաստություն չունեք». բայց իմ աչքերի խիստ հայացքը զգաստացրեց նրան, ուստի խոսքը փոխելով հարցրեց.

— Բայց ախր այդ ի՞նչ անուն է, որ ընտրել եք։

— Հովսեփ Ավետիսյան— Կարապետյան Օհանյանցի գլխատառերը միացրեք դա կլինի՞...

Ճաճուռյանը մի փոքր մտածեց և ապա հանկարծ բացականչեց։

— Հակо։

Բայց հենց այդ բառն էր, որ կարողացավ արտասանել և ապա ամոթից շառագունվեց, որովհետև զգաց, որ մեծ անքաղաքավարություն է արել կասկած հայտնելով իմ մտավոր պատրաստության մասին։

— Ներողություն, սիրելի պարոն Հակօ, եթե ես վիրավորեցի ձեզ,— ասաց նա անկեղծ զղջումով։

Հ ա կ օ անունս առաջին անգամ լսելով կենդանի բարբառով խոսողից, այնպիսի մի քաղցր հաճույք զգացի, որ իսկույն էլ ասացի Ճաճուռյանին կատարյալ ներողամտությամբ.

— Անհոգ կացեք, բարեկամ, այսուհետև այլևս ես սրտիս չեմ առնիլ ոչ մի վիրավորանք։ Մի անգամ, որ հրապարակախոսությունն ընտրել եմ իմ գործունեության ասպարեզ, ես պիտի աշխատեմ սովորել համբերություն։ Ես պատրաստ պիտի լինիմ թե՛ վիրավորանքի և թե՛ հալածանքի, այդ դեպքում, անշուշտ, ինձ կմխիթարեն և կոգեվորեն մեծ հրապարակախոսների օրինակները։

— Անշուշտ, անշուշտ,— պատասխանեց Ճաճուռյանը խորին ակնածությամբ։