Ես, իհարկե, այդ վայրկյանին դիմում եմ դեպի իմ աթոռը, գլուխս վեր բռնած, կուրծքս դուրս ցցած և կարելվույն չափ սիգաճեմ։ Զգում եմ, որ նախագահն ու վարչության անդամները հետևելով իմ քայլերին` կամենում են ինձ ողջունել։ Բայց ես անցնում եմ առանց նրանց նայելու, լուռ և իբր թե մտախոհ։
Նստում եմ վերջապես «հատուկ թղթակցի» աթոռին: Եվ թեպետ չգիտեմ, թե ինձանից առաջ ի՞նչ են խոսել, կամ ի՞նչ հարցեր շոշափել, ասյուամենայնիվ տեսնելով, որ շատերը մատներնին բարձրացրած խոսք են ուզում նախագահից, ես էլ բարձրացնում եմ ցուցամատս, որպեսզի հասկացնեմ ժողովին, թե «մենք էլ այստեղ ենք»։
Նախագահն իսկույն գլխով է անում, որ կնշանակե թե՝ «ձեր խոնարհ ծառան եմ», ես սպասում եմ։
Այդ միջոցին խոսողը մի պահպանողական է, բայց ես նրան չեմ լսում, որովհետև իրավունք չունիմ լսելու։ Գուցե նա խոսում է լավ բաներ, գուցե շատ էլ խելոք մարդ է, բայց քանի որ, պահպանողական է, այդ արդեն բավական է, որ ես համոզվեմ, թե նա լավ բան ասել չէ կարող։ Եվ հենց այդ պատճառով էլ, բոլոր ժամանակ, որ նա խոսում է, ես ազատամիտ մարդուն վայել անհամբերությամբ, ծամածռություններ եմ անում, որով բոլոր դահլիճն հասկանում է, որ Հակօն դեմ է խոսողին։ Այդքանն արդեն բավական է, որ ճառախոսը ոչ մի սպիտակ քվե չստանա, եթե. հավակնություն է ունենալու յուր տուփը դնելու։
Ա՛յ, ուրիշ բան է հաջորդ ճառախոսը. նա ազատամիտ Ճաճուռյանն է։ Եվ չնայելով, որ չգիտեմ թե ի՞նչ պիտի խոսի, այսուամենայնիվ, ես լիովին համաձայն եմ նրա հետ: Որովհետև հաստատ գիտեմ, թե ինչ էլ որ խոսի, հարմար պիտի լինի մեր ուղղությանը։ Մի փոքր անցնում է թե չէ, գուշակությունս կատարվում է. նա հայտնում է հրաշալի մտքեր. ամենն էլ առաջադիմական, ես նրան ծափահարում եմ, ինձ ձայնակցում են մեր ընտիր համախոհները։