Այս էջը հաստատված է

Բայց, եթե դրանց մեջ ներս է ընկնում մի պահպանողական, այն ժամանակ արդեն ասում եմ. «թեպետ ժողովը կանոնավոր եղավ, բայց վերջում խավարամիտները քվեները խարդախելով և մի քանի ժողովականների միամտությունը շահագործելով ընտրել տվին իրենցից մինին»։

Պատահում է, իհարկե, և ժողով, ուր բոլոր ընտրվածները լինում են պահպանողականներ։ (Այդպիսի դժբախտություն հասել է հայոց ազգին մի քանի անգամ)։ Եվ այդպիսի ժամանակ ես այլևս չեմ քաշվում զուտ ճշմարտությունը հայտնելու. ժողովն, ուղղակի, հայտարարում եմ. «ապօրինի», ընտրությունները` «անվավեր», իսկ ժողովատեղը` «Արշակավան»:

Այս եղանակով ես գործում և ճշմարտությունը հայտնում եմ, նաև, պատգամավորական, հոգաբարձական և երեցփոխական ընտրությունների վերաբերմամբ։

Եթե պատգամավորը «մերոնցից է», ես նրան ուղղակի անվանում եմ «սուրբ գործի համար յուր անձն ու հոգին նվիրող»։ Եթե «մերոնցից» չէ, տալիս եմ նրան յուր սեփական անունը, այն է` «պնակալեզ և ստրկահոգի կղերական»։

Եթե հոգաբարձուն «մեր բանակիցն է», ես չեմ ծածկում նրա արժանիքը. հայտնում եմ, որ դա անզիվ ու ազատ գաղափարներով տոգորված, դպրոցի, առաջադիմության նախանձախնդիր և հանճարավոր ուղեղի տեր մեկն է»։ Բայց եթե «հակառակորդ բանակից» է, նրա թերությունները պարզ է. նա «կաշառակեր է, անբարոյական և Մաթուս աղայի ժամանակակից գաղափարներով սնված»։

Եթե երեցփոխը «մեր մարդն» է, նրա նկատմամբ կատարում եմ իմ պարտքը, հայտարարելով նրան «անբիծ, անշահասեր, վերին աստիճանի բարեպաշտ և աստծու տան օգտին յուր անձը նվիրող», իսկ եթե «մեր մարդը չէ», այն ժամանակ, ինչ ասել կուզի, որ քաղաքացիական քաջություն պիտի ունենամ անվանելու նրան «գող, ավազակ, եկեղեցու գույքը հափշտակող» և այլն ըստ կարգին։