Հա, այն էի ասում. գլխումս մի հրաշալի միտք ծագեց։— Կղերական կուսակցությունից և նրա ազդեցությունից ընդմիշտ ազատվելու համար պետք է հեռացնենք եկեղեցիներից բոլոր քահանաներին, իբրև հայ ազգին չպատկանող մի տարրի — մտածեցի ես։
Եվ երբ այս մասին հետևյալ օրը հայտնեցի պատգամավորների նախապատրաստական ժողովում, բոլոր առաջադիմականները միանվագ ծափահարեցին։ Բայց հետադիմականներն սկսան ծիծաղել։ Եվ զարմանալի էլ չէր։ Այդ մարդիկ չեն կարող որևէ թարմ ու նոր միտք ըմբռնել ու մարսել. նրանց հետաքրքրում է միայն հինն ու փտածը։ Այդ պատճաոով էլ խավարասերներից մեկը հետևյալ տղայական դիտողությունն արավ.
— Հապա այն ժամանակ ո՞վ մեզ համար ժամ ասե, ով մեր երեխան մկրտե, պսակը կատարե, մեռելը թաղե։
Արևը սիրեմ Ճաճուռյանին, վեր թռավ տեղից կրակի պես ու պատասխանեց.
— Դրա համար Ամիրխանյան կա. բավական է այսօր քաշել մի հեռագիր և վաղը պատրաստ կլինին այնտեղ մի քանի տասնյակ պաստորներ, բոլորն էլ բրյուկով ու ժիլետով։
Հետադիմականն, իհարկե, իսկույն պապանձվեց։ Բայց և այնպես իմ առաջարկությունը չընդունվեց, որովհետև խավարամիտները քվեները խարդախեցին։
Այնուամենայնիվ, կղերականներից ազատվելու համար, մենք գործ դրինք ավելի ազդու և դրական միջոց։ Մի երեկո հավաքեցինք քաղաքի քահանաներին մեր տանքը և ասացինք․
— Տեր-պապաններ, դուք ստամոքս ունի՞ք թե ոչ,— ասացին։