Այդ պատճառով մենք սիրով ընդունում ենք ձեր առաջարկությունը։ Թող խավարամիտ էմին Տեր-Գրիգորյանը մեզ այս առիթով անվանե հացկատակ, թող ուրիշ հետադիմականներն էլ անվանեն, թեկուզ պորտաբույծ, պնակալեզ, մեզ համար միևնույն է, միայն թե մենք չզրկվենք անուշահոտ տոլմից, ղավուրմով փլավից, և մանավանդ, Սևանի իշխան ձուկից, որն ամեն անգամ վայելելուց մարդ լցվում է հայրենասիրական կրակով... Այո՛, թող մեզ անվանեն ինչ ուզում են, միայն թե անպակաս ունենանք հիշյալ բարիքները, մեր ներքին ու արտաքին փարաջաները և ձմեռ ժամանակ՝ բոխու փայտով տաքացրած մեր սենյակները, ուր տիրակնոջ կողքին հանգիստ նստած, խոսինք աշխարհի ունայնության մասին, կամ ոգևորված ժամանակ «ջան» ասենք, «ջան» լսենք։
«Հայոց հոգևոր դպրոցում,— շարունակում էր տեր հայրը,— աշխարհակա՞ն լինի հոգաբարձու թե՛ հոգևորական, դպրոց լինի՞, թե’ չլինի, մեզ համար միևնույն է, մեզ հարկավոր են երեխաներ, որ մկրտենք, երիտասարդներ, որ պսակենք, և մեռելներ, որ թաղենք։ Այս երեք բանը մեզ տվեք, իսկ մնացյալը, թեկուզ, ջուր ածեցեք, մեզ ի՞նչ...
«Այս դիտումներով, ահա՛, մենք ընդունում ենք ձեր առաջարկությունը և հանդիսաբար խոստանում ենք, որ քթներս չենք երևցնիլ հոգաբարձու ընտրող ժողովի մեջ, որպեսզի աշխարհի առաջ ապացուցանենք, թե մենք ենք «հովիվ քաջ, որ ղանձն յուր դնէ ի վերա ոչխարաց»։
Քահանաների այս անձնվեր որոշումից զգացված, ես մի պունշ առաջարկեցի նրանց։ Հետո իրավունք առնելով նրանցից խոսել իրենց փոխարեն ժողովում ինչ որ կամենանք, ճանապարհ դրինք նրանց սիրով և խաղաղությամբ։
Հետևյալ օրը հանդիսավոր զեկուցումն արի պատգամավորների ժողովում, հայտնելով, թե մեր քահանաները, կամենալով հավատարիմ մնալ հայոց եկեղեցու ժողովրդական ոգուն, խմբովին հրաժարվում են հոգևոր իշխանության հրամանը կատարելուց, ուրեմն և մեր կամքի հակառակ հո հոգաբարձու ընտրվելուց, որով և արժանավոր ապտակ են տալու ում որ անկէ, հասկացնելու համար, թե չպետք է ամբոխի իրավունքները բռնաբարել։