Այս էջը հաստատված է

Բայց հետո, քանի ժողովրդական դարձա և «ձյունի գնդակներ» սկսան ավելի մեծ-մեծ գլորել, նյութական շահեր էի ստանում։ Օրինակ, պատահում էր, որ տեր Մաղքոսը գալիս էր Ջրօրհնեքին, կամ Զատկին մեր տունն օրհնելու։ Նա փող չէր առնում, վախենալով թե միգուցե այդ մասին գրեմ լրագրում։ Պատահում էր, որ ես ներկա էի լինում բարեկամի տղայի մկրտության կամ աղջկա թաղման, այդ բարեկամն էլ, իմ շնորհիվ, ազատվում էր ծախքից։ Զատկի մուրազի օրը երեցփոխանը, մեր տունը ղրկել էր տալիս 10 թիքա, ամենալավ կտորներից, մինչդեռ ըստ օրինի մեզ կհասներ երկուսը կամ երեքը։ Հոգաբարձուներից մի քանիսը հաճությամբ էին լսում ինձ և երբ իմ մորաքրոջ որդու համար հարկավոր եղավ ուսուցչական պաշտոն, նրան իսկույն տեղավորեցին մեր դպրոցում։ Այդպես էլ պատահում էր և այն աշակերտներին, որոնք բախտ էին ունենում իմ ազգականները լինելու։ նույնիսկ առաջնորդը, պետք է խոստովանել, բարեհաճ էր դեպի ինձ։ Նա սիրով հաս արավ իմ հորեղբոր որդու պսակը, որ չհաս էր ազգակցության 5-րդ աստիճանում։

Բայց այս ազգային բարիքներից զատ ես վայելում եմ նաև քաղաքացիական բարիքներ։ Օրինակ— մեր տան փողոցը միշտ մաքուր է պահվում, մինչդեռ մի քիչ հեռու, մի հետադիմականի տան առաջ, կատարյալ աղբակույտ է։ Այս պատճառով ես պարտք եմ համարում հրապարակավ հայտնել, որ մեր քաղաքն օրինակելի մաքուր է։ Քաղաքային վարչության մեջ երկու ազգակիցներս լավ պաշտոն ունին, պարզ է, ուրեմն որ ես այդտեղ չեմ կարող երբեք զեղծում նշմարել։ Գնահատող մասնաժողովը, որ հորս կենդանության ժամանակ մեր տան հարկը որոշել էր 7ռ. 50կ., այժմ այդ հարկը իջեցրել է մինչև 3ռ. 25կ.։ Ինչպե՞ս չհայտնեմ աշխարհին, որ այդ մասնաժողովը գործում է բարեխղճաբար։ Քաղաքում հայտնի մի վաշխառու, որի համար գրել էի, թե տզրուկի պես ծծում է գյուղացիների արյունը, այժմ ինձ պարտք է տալիս առանց առկոսի և երթ ժամանակը լրանում է, սիրով փոխում է իմ մուրհակը, դարձյալ տոկոս չհաշվելով։