Նրանք զբաղված Էին ավելի արժանավոր, կամ ինչպես իրենք կասեին' «ազնվական» գործով։ Դրանք հայ ուսանողներ էին՝ համալսարանի կամ այլ բարձրագույն դպրոցների վերջին կուրսերից, որոնք հաճախ ժողովվում էին այդտեղ միմյանց հետ տեսնվելու, մտերմապես զրուցելու, մայրենի լեզվով կարդալու, կամ հեռավոր հայրենիքից ստացված նորությունները միմյանց հաղորդելու, երբեմն էլ իրենց ցավերի մասին միմյանցից կարծիք կամ խորհուրդ հարցնելու։
Այդ քաղաքում կային և ուրիշ հայ ուսանողներ, որոնք իրենց ազատ ժամանակը տնօրինում էին այլ կերպ։ Ոմանք սիրում էին չափել փողոցները, աշխարհի չար ու բարին այդ տեղերում միայն ուսումնասիրելու նպատակով. ոմանք զբաղվում էին սովորական թղթախաղով՝ ժամանակի ձանձրույթը մեղմելու համար. ուրիշներն այցելում էին հարուստ ընտանիքներին նրանց տիրուհիներին զբաղեցնելու կամ օրիորդներին գրավելու հուսով և երբ նրանց չէր հաջողվում ոչ մինը և ոչ մյուսը, շատանում էին համեղ ընթրիք վայելելով։ Մի մասն էլ էպիկուրյան փիլիսոփայության հետևելով՝ ազատ ժամերը նվիրում էր հաճության՝ աղջիկների ընկերակցության, մտածելով թե՝ այդպիսով ավելի լավ է ծառայում մարդ արարածի իսկական կոչման։
Բայց ներքնահարկի ցածուն առաստաղով սենյակում ժողովվածները չէին պատկանում հիշյալների թվին։ Նրանք ուսանողության ամենաընտիր մասը, կամ բանաստեղծորեն ասած՝ ծաղիկներն էին, որոնք իրենց կոչման նշանակությունն ըմբռնելով, ժողովվել էին այնտեղ, ինչպես ասացինք, լավագույն մի գործով զբաղվելու համար։
Եվ նրանց այսօրվա պարապմունքի առարկան նշանավոր էր շատ կողմերից։ Այսօր քննվում էր այն կարևոր հարցը, թե՝ նրանցից ո՞րը ի՞նչպես պիտի գործե կյանքի ասպարեզը մտնելուց հետո։
Այդպիսի հարցեր, ինչպես հայտնի է, փորձված մարդիկ չեն տալիս իրար, միշտ մտածելով թե՝ «բանը բան ցույց կտա». իսկ փորձված հոգևորականը մինչև անգամ ասում է՝ «Օր աւուր բղխէ զբան և գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն», ուստի և երբեք խոստում չէ անում։