Դրանցից շատերը սկսել են գործել ամենաաննպաստ պայմաններում, շարունակ արգելքների ու հալածանքների հանդիպելով, բայց որովհետև ունեցել են հաստատուն կամք, որովհետև անկեղծորեն սիրել են Ժողովուրդը, ուստի և հաղթել են ամեն արգելքների և ստեղծել աշխարհում հոյակապ գործեր։ Մենք էլ, ուրեմն, գործելու ժամանակ առաջնորդ ունենանք պատմության հերոսներին և ինչ աննպաստ պայմանում էլ որ սկսենք մեր գործը, հիշենք այն իմաստուն նշանաբանը, որ փորված է եղել մի հին կացնի վրա՝ «կամ կգտնեմ ճանապարհը և կամ ինքս բաց կանեմ»։ Այսպիսի որոշումով գործել ցանկացող մարդուն արգելքը չի վհատեցնիլ, այսպիսի մարդու առաջ ժայռերն անգամ կհալվին...»։
Այս եղանակով դեռ երկար խոսեց նախագահը, որ ճեմարանի նախկին սան լինելով վարժ էր հայ լեզվով ճառարտասանելուն, ուստի երբ ավարտեց, ուսանողները ոգևորված ծափահարեցին նրան։ Ապա սկսան ամեն կողմից հանդիսավոր խոստումներ անել այն մասին թե' արդարև, կյանքի մեջ մտնելուց հետո պիտի նվիրվին հասարակաց շահին։ Երիտասարդներից ոմանք, մինչև անգամ, իրենց ապագա գործունեության ծրագիրն առաջարկեցին, ոմանք էլ այդ ծրագիրը պակասավոր գտնելով, ավելի ընդարձակ խոստումներ արին։ Գտնվեցան իհարկե և այնպիսիներ, որոնք համեստությամբ խույս տվին թե ծրագիր առաջարկելուց և թե այն քննադատելուց։
Բայց բոլոր խոսողների մեջ ավելի դրական և կշիռ, ունեցող խոստումն արավ Պետրոս Կամսարյանը, որ մի բարեկազմ և գեղեցիկ արտաքինով երիտասարդ էր։ Լինելով հարուստի զավակ, նա միևնույն ժամանակ բարեսիրտ էր և դյուրազգաց, կարիքի ժամանակ օգնում էր ընկերներին և ուսանողական աշխատությանը մասնակցում սիրով։ Բայց լինելով ի բնե զգույշ և կարգապահ, ամեն ինչ անում էր չափով ու կանոնով։ Նույնիսկ օգնության կամ աշխատությանը վերաբերյալ գործերում, նա յուր համար ուներ որոշ չափ ու կշիռ։