Ատում էր ինչպես անհոգություն, նույնպես և ամեն ծայրահեղություն, ուստի և խույս էր տալիս այնպիսի ընկերներից, որոնք ներկայացնում էին իսկական ուսանողի տիպ. այսինքն, լինում էին անփույթ՝ վաղվա պարտքի նկատմամբ, անհաշիվ՝ իրենց ծախսերի մեջ, անտարբեր՝ դեպի կարգ ու կանոնը, մաքրասիրությունը և ճշտապահությունը։ Եվ թեպետ այս պատճառով նա ընկերներից ստացել էր պեդանտ մականունը, այսուամենայնիվ, այդ բանից նա չէր վիրավորվում, որովհետև փորձով գիտեր, որ անկարգ ու անկանոն եղանակով ապրողները միշտ այդ անունով են մկրտում կարգապահ մարդկանց, որպեսզի դրանով իրենց թերությունը ծածկեն։
Այս իսկ պատճառով ուսանողներն ապշեցան, երբ Կամսարյանը հանդիսաբար հայտնեց թե որոշել է քննություններից հետո վերադառնալ հայրենիք և իրեն նվիրել յուր ազգակիցների ամենից ավելի օգնության կարոտ դասակարգին, այսինքն՝ մտնել գյուղը և այնտեղ հիմնել օգնության մեծ գործ, հատկացնելով այդ նպատակին՝ յուր հարուստ հորից իրեն հասանելիք ժառանգությունը։
Սկզբում ընկերները, կարծես, չհասկացան այդ հայտարարության միտքը և նայում էին իրար հարցական հայացքներով։ Բայց երբ երիտասարդը կրկնեց յուր որոշումը ավելի մեկին և հաստատապես, ներքնահարկի դահլիճը թնդաց կեցցեների որոտընդոստ ձայներից և մի քանի ուժեղ ձեռքեր բարձրացրին Կամսարյանին դեպի առաստաղը և սկսան շրջեցնել դահլիճի շուրջը' շարունակ «կեցցե» գոռալով և «Հերիք, ընկերք» երգելով։ Աղմուկը դադարելուց հետո Պետրոս Կամսարյանի հայտարարությունն ընդունվեց ուսանողների պաշտոնական գովեստով և իսկաւյն էլ մուծվեցավ արձանագրությանը տետրակը։
Բ.
Ամառ է, քննությունները վերջացել են։ Կամսարյանն ստացել է ավարտման վկայական։ Այժմ նա իրավաբան է, կարող է ապրել քաղաքում և շրջապատել իրեն հարմարություններով, այսինքն կահավորել մի փառավոր տուն` համաձայն յուր նուրբ ճաշակի պահանջներին, ապա ընդարձակել ծանոթությունների շրջանը, այցելել բարձր դասակարգի անձանց, կապեր հաստատել, խնդրարկուներ ընդունել, դատեր պաշտպանել և յուր հասարակական գործունեությամբ անուն ու հռչակ վաստակել։