Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Ը
Սմբատ և Համտուն



ՀԱՄՏՈՒՆ.— (մտնելով) Ողջույն, իշխան. ների՛ր, որ խանգարում եմ քո մենավոր մտածությունները:
ՍՄԲԱՏ.— Շնո՛րհ արա, տե՛ր Համտուն, ավելի լավ է քեզ հետ խոսակցել, քան միայնակ մտորել։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛ միայնությունը վատ է ազդում և ինձ վրա, մանավանդ այս ամրոցում, ուր, կարծես, ինձ համար դարբնվում է մի դժբախտություն։ Չգիտեմ ինչու, ինձ այնպես է թվում թե՝ այս կամարները պիտի փլչեն իմ գլխին։ Կարծես մինը շարունակ, արդյոք չար ոգի, թե պահապան հրեշտակ' շշնջում է իմ ականջում թե' հեռացիր այս սրահներից, այստեղ ոչ մի բարիք չէ սպասում քեզ:
ՍՄԲԱՏ.— Բայց դու գտնվում ես մեր ամենից բարի և ամենից առաքինի իշխանի հարկի տակ։
ՀԱՄՏՈՒՆ.— Այդ ես գիտեմ, իմ կասկածը դրա մասին չէ ինձ անհանգստացնում է քո երեկվա գուշակությունը։
ՍՄԲԱՏ.— Այն որ ասացի թե' իշխանը կմերժե քեզ։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛։ Եվ ինձ այժմ տանջում է ոչ միայն այն միտքը, թե չի պիտի կարենամ նպատակիս հասնել, այլև այն թե' ինչ մեծ գանձ եմ կորցրել իմ անհոգության շնորհիվ:
ՍՄԲԱՏ.— Իշխան, իզուր ես մտածում կորստյան մասին ա՛յն գանձի, որն երբեք չես ունեցել։
ՀԱՄՏՈՒՆ.— Չեմ կարող չմտածել։ Ես նմանում եմ ա՛յն անհոգ կալվածատիրոջ, որ յուր գետինը մի չնչին գնով վաճառել է դրացուն, իսկ սա այդ գետնում գտել է ոսկու հանք։ Քանի դեռ իմ երերումն էի, գիտեի որ Ջալալ-Տոլան ունի մի աղջիկ, որ գեղեցիկ է և որի հետ ամուսնանալու տոհմական իրավունք ունիմ ես։ Այն ժամանակ, արդարև, չէի մտածում այդ աղջկա վրա: Բայց բարի մարդիկ նախանձ գրգռեցին իմ մեջ։ Այդ նախանձն այժմ տոչորում է ինձ։