Այս էջը հաստատված է

Այո, բավական էր նայել այդ հուշատետրի էջերին, կարդալ գոնե կեսը «մեծ գործերի» այն ցանկին, որ նա կազմել էր մայրաքաղաքից վերադառնալիս, որպեսզի նա նորեն ոգևորվեր և առ ոչինչ գրեր մոր թախանձանքն ու արտասուքը, կամ արհամարհեր ամառանոցի հանգստությունն ու զվարճությունները:

Եվ այդպես էլ եղավ։ Երբ Պետրոսը հուշատետրը դրավ նորեն ծոցը, նրա սիրտն արդեն այնքան էր ամրացել, որ նա ուղղակի ասաց.

— Դու, մա՛յրիկ, բախտավոր կին ես. ունիս ամուսին. առողջ զավակներ, մեծ հարստություն, սեփական ապարանք, գեղեցիկ ամառանոց, ապրում ես գոհ ու երջանիկ և, միևնույն ժամանակ, չես կամենում զրկել քեզ նույնիսկ մի ավելորդ զվարճությունից, այսինքն, որ ամառվա ամիսներում ընկերանա քեզ որդիդ... Բայց կան աշխարհում մարդիկ, որոնք շատ անհրաժեշտ բաներից են զրկված, այ ես գնում եմ նրանց մոտ, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր մխիթարել, կամ նրանց կարիքներից մինը կամ երկուսը լցնել։ Լիդիա Պավլովնան որդու այս ճառից ոչինչ չհասկացավ, բայց Կիրիլ Կարպիչը (հայր Կամսարյանը), որի անունը Ճիպին Տեր Օվանեսի ձեռքով չափաբերական մատյանում նշանակված էր «Կարապետի վուրթի Կիրակուս» և որը դեռ խալաթով նստած էր բազմոցի վրա և երկար ծխափողը ձեռքին թե` ծխում և թե` լսում էր հիշյալ վիճաբանությունը, որդու վերջին խոսքերի վրա մի անհանգիստ շարժումն արավ քաղցր ժպիտը, որ մինչև այն փայլում էր նրա ածիլած ու գիրությունից փայլող դեմքի, կրկնածալ ծնոտի և գորշ ընչացքով հովանավորված հաստ շրթունքի վրա, չքացավ իսկույն. թավամազ հոնքերը կարնես վայր իջան աչքերի սուր հայացքը ավելի խստացնելու համար, իսկ անխառն հայկական քիթը, որ պատկառելի տեղ էր բռնած խոշոր դեմքի վրա, զգալի կերպով կախվեցավ, որպեսզի տիրոջ դժդոհությունը մարմնացնե յուր մեջ ամբողջովին։

Ւնչու անհանգստացավ Կիրիլ Կարպիչը,— դրա պատճառը բոլորովին այլ էր։