Այս էջը հաստատված է

Երիտասարդը նայեց մոր աչքերին և ուսերը վեր քաշեց:

— Գեղեցկությունը կա, ուսումը կա, քառասուն հազար էլ բաժինք... Այս ամառ անպատճառ բանը կվերջանա, որովհետև ծնողները համաձայն են, աղջիկն էլ համաձայն է համաձայն. հարցը մնում է քեզ վրա։ Ի՞նչ ես ասում դու:

Երիտասարդը, կարծես, տատանվում էր։ Ադելինի անունը մի փոքր պղտորեց նրա միտքը. եթե երևակայությանը ևս թույլ տար յուր առաջ պատկերացնելու գեղանի օրիորդին, այն ժամանակ արդեն հոսանքը կտաներ իրեն։ Այդ պատճառով, կարծես, յուր թուլությունը զգալով, վեր կացավ տեղից և «դեռ տեսնենք, մտածենք, ժամանակ շատ ունենք» ասելով՝ դուրս գնաց պատշգամբ։

Դ.

Բայց բախտը շատ անգամ կատակներ է անում և դրանցից զվարճալին լինում է այն, երբ նա չարիքից փախչող մահկանացուին' հենց նրա փախստյան ճանապարհի վրա, բերում հանդիպեցնում է նույն չարիքին, որից սա խույս է տալիս։ Այդպես պատահեց և Կամսարյանին։ Հազիվ նա ելել էր պատշգամբ և ձեռքը տարել ծոցը, որպեսզի հուշատետրը հանե, և ահա' տան մուտքի հնչակը քաշեցին։ Սպասուհին վազեց դուռը բանալու։ Եվ որովհետև Պետրոսն ևս մոտեցել էր սանդուղին, ուստի հետաքրքրվեց իմանալ թե' ո՛՛վ է եկողը։ Եվ ո՛րքան մեծ եղավ նրա հուզմունքը, երբ տեսավ թե գեղանի Ադելինան է յուր մոր հետ։ Անշուշտ նրանք գալիս էին երիտասարդի այցելությունը փոխարինելու և սրա մորն իրենց խնդակցությունը հայտնելու։ Կամսարյանն իսկույն ծոցը դրավ հուշատետրը, որ նոր էր հանել և վայրկենաբար համոզվելով, որ «հայոց ազգը խիստ դժբախտ ազգ է», որովհետև նման արգելքներ խանգարում էին իրեն նրա վրա մտածել, քնքուշ ժպիտը դեմքին, դիմավորեց հյուրերին և սիրալիր կերպով ողջունելով նրանց, աոաջնորդեց դեպի ընդունարանը, ուր գտնվում էր արդեն Լիդիա Պավլովնան։